Ներքին գործերի նախարարությունը «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով հերթական աշխատաժողովն անցկացրեց Արագածոտնի մարզում։
Մասնակցում էին պատկան մարմինների, ինչպես նաև մարզային և համայնքային ինշխանությունների ներկայացուցիչներ։ Մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համատեղ ջանքերի համար, վերահաստատեց համագործակցությունը շարունակելու մարզպետարանի պատրաստակամությունը։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը նշեց, որ վերջին տարիների փորձը հստակ ցույց է տվել, թե որքան կարևոր է լինել պատրաստ, կազմակերպված և իրազեկ՝ տարբեր վտանգների դիմագրավելու համար։ Նա նաև հավելեց, որ գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերի նպատակը ոչ միայն հասարակության իրազեկվածության բարձրացումն է, այլև համայնքների կարողությունների զարգացումը։
Աշխատաժողովի օրակարգում ներառված էին սեյսմիկ և տեխնածին ռիսկերի գնահատման, հանրային իրազեկման ու ճգնաժամային հաղորդակցության մեխանիզմներին առնչվող հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրամբարների պատվարների փլուզման վտանգի թեմային։
Զեկույցներով հանդես են եկել ՆԳ նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանն ու մի խումբ աշխատակիցներ, նաև Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ Մհեր Բաբաջանյանը, Աղետների ռիսկի նվազեցման վարչության պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը և Ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը։
Քննարկման առարկա են դարձել մի շարք գործնական իրավիճակներ, որոնց վերլուծության արդյունքում տրվել են կառուցողական առաջարկներ: