Հունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին:
Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ համագործակցության արդյունքներից մեկն է, և Փրկարար ծառայությունը պատրաստակամ է շարունակել համատեղ աշխատանքը`գնահատելով միջազգային փորձի փոխանակման կարևորությունը:
Մոնիկա Սանդրին իր հերթին նշել է, որ այս հուշագիրը ևս մեկ կարևոր քայլ է ճգնաժամային իրավիճակներում Հայաստանի պատրաստվածությունն ու արձագանքման կարողությունները ամրապնդելու ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը` ի նպաստ մարդկանց պաշտպանության և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների բարձրացման ուղղությամբ։