Որքանո՞վ են ՆԳՆ համակարգի աշխատակիցները գոհ կարիերայի առաջխաղացման հեռանկարներից, կադրային քաղաքականությունից, սոցիալական երաշխիքներից և այլ գործընթացներից։
Պատասխանը պարզ կդառնա անանուն հարցման արդյունքներով, որն անցկացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ներքին գործերի նախարարության և ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի գնահատում» նախաձեռնության շրջանակում։
ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանը նշում է․ «Փորձել ենք հասցեագրել մեր գործողություններով բոլոր այն նախանշված ուղղությունները, որոնք շատ կարևոր են ՄՌԿ բարեփոխման համար․ սկսած աշխատակիցների ներգրավումից և այս շղթսն տանելով մինչև թոշակի անցնելը։»

Ծրագրի շրջանակում Գրանթ Թորնթոն Հայաստան և IMR անկախ հետազոտական ընկերությունները համատեղել են ուժերը՝ բացահայտելու նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ուժեղ կողմերը, զարգացման հնարավորություններն ու բարելավման ուղղությունները։

«Մենք արդեն մեր գործընկերոջ հետ իրականացրել ենք հարցումներ, որի շրջանակներում տարբեր խմբեր իրենց կարծիքն են հայտնել, իրենց գոհունակությունն են հայտնել ՄՌԿ-ի տարբեր գործընթացների, ինչպես նաև կազմակերպման վերաբերյալ»,- նշել է Գրանթ Թորնթոն Հայաստան ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիթ Գևորգյանը։

Մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքից և մարզերից հարցմանը մասնակցել է ավելի քան 400 ոստիկան և քաղաքացիական ծառայող։ Ցանկալի արդյունքի հասնելու համար ընտրվել է խառը մեթոդաբանություն, իրականացվել են համալիր ուսումնասիրություններ, փորձագետների մասնակցությամբ քննարկումներ, հարցաթերթի հասանելիության փորձարկումներ։
«Հետազոտությունն իրականացրել ենք ՆԳՆ աշխատակիցների հետ՝ առկա և առցանց եղանակներով։ Հաշվի ենք առել տարբեր ստորաբաժանումների ներկայացուցչականությունը ընտրանքի կազմման գործընթացում։ Առցանց փուլին հիմնականում մասնակցել են մարզերի աշխատակիցները՝ անկախ ստորաբաժանման ներկայացվածությունից, իսկ առկա փուլին մասնակցել են Երևանի և մոտակա մարզերի աշխատակիցները»,- նշել է IMR անկախ հետազոտական կազմակերպության հետազոտական նախագծի ղեկավար Գայանե Լալայանը։

Հարցաթերթում, ինչպես նաև տվյալների մշակման փուլում, անձնական որևէ տվյալ չի հավաքագրվել կամ պահպանվել, ինչը ստեղծել է վստահության մթնոլորտ, որն էլ իր հերթին թույլ է տվել մասնակիցներին ազատ արտահայտել կարծիքը՝ մի քանի րոպեում ձևավորելով պատկեր, որը կարող է փոխել մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը։

ՆԳՆ ՄՌԿ վարչության մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման և բարեվարքության հարցերով բաժնի պետ Վլադիմիր Մինասյանի խոսքով՝ ՆԳ նախարարությունը մեծապես կարևորում է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված ծավալուն աշխատանքները։ Այս համատեքստում անցկացված անանուն հարցումները կարևոր գործիք են թե առկա խնդիրների ու կարիքների վերհանման, թե անհրաժեշտ լուծումներ նախանշելու համար:

Ներկայումս ակտիվ փուլում են Ոստիկանության գրավչության, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման ինֆորմացիոն համակարգի գնահատումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս երեք առանցքային գնահատականները համադրվելու են՝ հենք ստեղծելով այն գործողությունների համար, որոնք կուղղվեն մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավմանը։

Նմանատիպ գրառումներ