ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2001 թվականից հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։
❓Ո՞վ է փախստականը
Փախստականն այն անձն է, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից կամ վերադառնալ այնտեղ:
1993 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիային։
❓Ի՞նչ իրավունքներ ունեն փախստականները
1. Հայաստանում օրինական բնակության իրավունք.
2. աշխատանքի իրավունք.
3. կրթության իրավունք.
4. տեղաշարժի և բնակության վայր ընտրելու իրավունք.
5. սեփականության իրավունք.
6. սոցիալական և առողջապահական իրավունքներ.
7. Հայաստանի քաղաքացիություն ստանալու (նատուրալիզացիայի) իրավունք:
❌Սահմանափակումները
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ փախստականը չունի ընտրելու իրավունք, չի կարող անդամագրվել որևէ կուսակցության, չի կարող ընտրվել կամ նշանակվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնի, չի կարող լինել հանրային ծառայող, չունի հողի նկատմամբ սեփականության իրավունք:
✅Փախստականի պարտականությունները
Փախստականն իր իրավունքներից օգտվելիս պետք է հարգի ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները և ազատությունները, պահպանի հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը: Նա պարտավոր է վճարել հարկեր, տուրքեր և կատարել օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումներ: