
Գիտելիք, փորձ և նոր մոտեցումներ․․․․ հունիսի 19-ին մեկնարկած վերապատրաստման դասընթացները Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողներին հնարավորություն կտան նոր օրենքին համահունչ կատարելագործել հարկադրանքի միջոցներ կիրառելու մասնագիտական պատրաստվածությունը։
«Այս նախաձեռնությունը ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է․ այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը՝ զարգացնելու կարողություններն ու հմտությունները, այլև մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքների նկատմամբ ձեր հանձնառությունը»,- նշել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ընդգծելով ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում համատեղ գրանցված արդյունքների կարևորությունը։
«Այս շարք վերապատրաստումները մենք մեր գործընկերների աջակցությամբ մեկնարկեցինք փետրվար ամսից։ Մենք ունեցանք վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ հիմնական կարևոր ուղղություններով՝ իհարկե դա հարկադրանքն է, ուժի գործադրումն է, ձերբակալումն է որպես առանձին ուղղություն»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Անդրադառնալով գործողությունների պատշաճ իրականացմանն ու հիմնական սկզբունքներին՝ փոխնախարար Մկրտչյանն առանձնացրել է հարկադրանքի կամ ուժի գործադրման պայմաններում քաղաքացիների իրավունքների պահպանումն ու օրենսդրության գրագետ կիրառումը։ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ այն կարևոր երաշխիք է նաև ոստիկանության ծառայողների անխոցելիության տեսանկյունից։
ԵԽ ազգային փորձագետ Հրայր Ղուկասյանի խոսքով՝ ձևաչափը քննարկային է, մեծ հնարավորություն և ժամանակ է տրվելու մասնակիցներին, որպեսզի իրենց հուզող հարցերը բարձրացնեն։ «Հուսով ենք, որ սա առավել արդյունավետ ձևաչափ կլինի, որպեսզի մենք կարողանանք այն ինչ ուզում ենք տեղ հասցնել հնարավորինս մատչելի ձևով անենք»,- նշել է նա։
Վերապատրաստման նյութը ներկայացվում է կիրառական մոտեցմամբ։ Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են նաև կոնկրետ իրավիճակային խնդիրներ, ինչը թույլ կտա նրանց ձևավորել պատշաճ արձագանքման պրակտիկ հմտություններ։
«Վերապատրաստման ընթացքում շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք կիսվում ենք նաև մեր փորձով, ստանում ենք մեզ հուզող հարցերի պատասխանները և հետագայում այդ ամեն ինչը փոխանցում ենք մեր ենթակա անձնակազմին»,- նշել է ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի պետ Արման Առուստամյանը։
Դասընթացը միտված է ոչ միայն մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև մտածողության վերափոխմանը՝ հարկադրանքի միջոցների կիրառման ժամանակ առավել համաչափ և մարդու իրավունքներին համահունչ մոտեցումներ ձևավորելու նպատակով։
ԵԽ ազգային փորձագետ Առնոլդ Վարդանյանը մանրամասնել է․ «Դասընթացի շրջանակներում ներկայացվել են սկզբունքների սկզբունքները, այն ելակետային դրույթները, որոնք կարմիր թելով պետք է անցնեն հարկադրանքի միջոցների կիրառման շրջանակներում։ Ներկայացվելու են նաև հարկադրանքի միջոցների առանձին տեսակների կիրառման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով այն նոր չափորոշիչները, որոնք սահմանված են Ոստիկանության գվարդիայի մասին նոր ընդունված օրենքում»։
Դասընթացը անցկացվել է «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի շրջանակներում։
Նման վերապատրաստումները շարունակական են։