Իրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ հերթական դասընթացն է։ ՆԳ նախարարության կրթահամալիրի նախաձեռնությամբ հունիսի 25-ից մեկնարկել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ համակարգի այն աշխատակիցները, ովքեր չլինելով իրավաբան, առնչվում են իրավական ակտերի նախագծերի մշակման կամ դրանց վերաբերյալ կարծիքների տրամադրման գործընթացին։

Գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարևոր է վերապատրաստել, հատկապես, ոչ իրավաբան աշխատակիցներին, քանի որ իրավական ակտերի մշակման և առաջարկների ներկայացման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ բոլոր ստորաբաժանումները։

«Փորձել ենք դասընթացի շրջանակներում ներկայացնել իրավական ակտի նախագծի մշակման ամբողջական ընթացքը՝ սկսած գաղափարի ծագումից, հիմնավորումից մինչև դրա ընթացք, ստորագրում և հրապարակում»,- նշել է ՆԳՆ կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։

Իրավական ակտի հիմնավորման կառուցվածքը դասընթացի առանցքային բաղադրիչներից է։ Մասնակիցների հետ քննարկվում են հիմնական բաժինները, փոփոխությունների շրջանակը ներկայացնելու մանրամասները։

Էմիլ Մարգարյանը նշել է․ «Ունենք առանձին անդրադարձ իրավական ակտի կառուցվածքին, թե ինչպիսի բաղադրատարրեր ունի, մասնավորապես, քննարկում ենք ենթաօրենսդրական իրավական ակտի կառուցվածքը։ Անդրադարձ ունենք նաև հետագա իրավական ակտի փուլին, այսինքն շրջանառությանը շահագրգիռ մարմինների շրջանում, ինչպես նաև ստորագրման, հրապարակման հարցերի հետ կապված ենք անդրադարձ կատարում»։

Դասընթացներն անցկացվում են ինտերակտիվ միջավայրում՝ փոքր խմբերով, որտեղ 15-ից 20 մասնակից հնարավորություն ունեն հարցեր տալ, կարծիքներ փոխանակել և կիսվել փորձով։

Նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են ՆԳՆ համակարգի աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու արդի պահանջներին համապատասխան արդյունավետ աշխատանքի կազմակերպման գործում։

Նմանատիպ գրառումներ