Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել քաղհասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ ռազմավարական մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկումն էր։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ոլորտի մասնագետների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ հավաքագրված մասնագիտական կարծիքներն էական նշանակություն ունեն գործընթացն առավել ներառական և համագործակցային դարձնելու տեսանկյունից։

Արմեն Մկրտչյանը նշել է, որ առաջիկա տարիների միջնաժամկետ պլանավորմամբ ռազմավարական ծրագրի մշակման հիմքում դրված են ինստիտուցիոնալ մոտեցումներ։
Հանցավորության կանխարգելումը ոչ միայն իրավական, այլև սոցիալական տեսանկյունից դիտարկելով փոխնախարարը շեշտել է, որ հանցագործությունը պարզապես իրավախախտման դրսևորում չէ, այլ առավել խորքային երևույթ, ուստի կանխարգելման միջոցառումները պետք է ուղղված լինեն ոչ միայն հետևանքների, այլև պատճառների վերացմանը։
Ռազմավարական ծրագրի հիմքում միջազգային լավագույն փորձի տեղայնացումն ու արդյունավետ կիրառումն է և այն դեռ գտնվում է լրամշակման ու լավարկման փուլում։

Ռազմավարական ծրագիրը ներառում է կարևոր մի շարք ուղղություններ, այդ թվում՝ հանցավորության վերաբերյալ տվյալների պատշաճ հավաքագրում և վերլուծություն, կիբերհանցագործությունների դեմ պայքարում ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառում, անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելում և այլն։
Ծավալվել է ակտիվ քննարկում։ Ներկաները հնչեցրել են դիտարկումներ, առաջարկություններ և հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

Ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն է տրամադրվել Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։

Նմանատիպ գրառումներ