Օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայումն ու կատարելագործումը ՆԳ նախարարության ոստիկանությունում իրականացվող համապարփակ բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված առանցքային բաղադրիչներից է։

Այն ենթադրում է վերանայել օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտը և մշակել լիովին նոր օրենսդրական փաթեթ։

Այդ նպատակով ՆԳ նախարարությունն ու Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համատեղ իրականացրել են փորձագիտական գնահատում՝ նախանշելով օրենսդրության լավարկմանը վերաբերող ուղիները։

Նախաձեռնության շրջանակներում հուլիսի 24-ին տեղի է ունեցել հանրային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարության պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրերի ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, շահագրգիռ գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։

Քննարկման առարկա են դարձել օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության բացերի լուծմանը վերաբերող հարցեր։

Փորձագետները, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ներկայացրել են առաջարկներ ոլորտի բարելավման ուղղությամբ՝ մատնանշելով անհրաժեշտ փոփոխությունները։

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ շարունակվելու են ոլորտի բարեփոխմանն ուղղված քննարկումները՝ մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր նշաձող սահմանող, միջազգային չափանիշներին համապատասխանող օպերատիվ-հետախուզական գործունեության նոր օրենսդրություն ունենալու նպատակով։

 

 

Նմանատիպ գրառումներ