Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։
Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։
2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն:
Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 343 կարգապահական տույժ։
Մասնավորապես՝
✔Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 308 կարգապահական տույժ, այդ թվում՝
191-ը՝ «նկատողություն»,
34-ը՝ «խիստ նկատողություն»,
59 աշխատակցի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով,
2 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,
22-ը ազատվել են ծառայությունից։
Միաժամանակ, ոստիկանության 22 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-րդ կետերի, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։
✔Փրկարար ծառայության 13 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» 2-ի՝ «հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով», մեկի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը։
✔Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 3-ի՝ «նկատողություն», մեկի նկատմամբ էլ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։
✔ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 2-ի՝ «նկատողություն» կարգապահական տույժերը։
✔ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներից 6-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 4-ի՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։
Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և քննչական մարմիններ է ուղարկվել ծառայողական քննության 30 նյութ, որոնց առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ՝ 19-ը ոստիկանության ծառայողների, 1-ը՝ Փրկարար ծառայության, 1-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման, 1-ը՝ պետական ռեզերվների գրասենյակի ծառայողների և աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։
Դրանք պարունակել են հանրային ծառայության շահերի, կառավարման կարգի, սեփականության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված և այլ բնույթի ենթադրյալ հանցանքների հատկանիշներ։
Անցած 6 ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 22 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 22 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 13 ծառայողի նկատմամբ՝ «ոստիկանությունից ազատում», 7-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», իսկ 2 ծառայողի նկատմամբ «նկատողություն» կարգապահական տույժերը: