Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում ներդրվել է տեսալուսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։
Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն պարզեցնում է տուգանքների վերաբերյալ ծանուցման գործընթացը, այլև բարձրացնում է վճարումների արդյունավետությունը։
Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոս նվազ։
Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։
Համակարգում մինչև օգոստոսի 26-ը գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 113 089 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 479 279 որոշում։
Բացի այդ, մեկ այլ իրավակարգավորմամբ՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը, ապա օգտվում է հավելյալ 30 տոկոս զեղչից։
Բոնուսային այս նորմից մինչև օգոստոսի 26-ը օգտվել է 509 275 վարորդ, կայացվել է 2 107 935 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 11 միլիարդ դրամ։
Հարգելի՛ քաղաքացիներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ եթե դրանք խախտելու համար տուգանվել եք, ապա օգտագործեք թվային լուծումներ՝ տուգանքները նվազ վճարելու համար։