Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ սեպտեմբերի 1-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է հարազատ կրթօջախ՝ Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոց։

Նախարար Սարգսյանին դիմավորել են դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող Սոնա Դանիելյանը և դասղեկ Մարգարիտ Տիգրանյանը։

Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ պատիվ և պատասխանատվություն է լինել հարազատ կրթօջախում ոչ միայն որպես ՆԳ նախարար, այլ որպես դպրոցի շրջանավարտ։

Նախարարի խոսքով՝ սեպտեմբերի 1-ը պարզապես նոր ուսումնական տարվա մեկնարկ չէ. այն գիտելիքի, կրթության ներուժի գնահատման, ուսուցիչների նվիրական աշխատանքի արժևորման, արժեքներ ստեղծող, բնավորություն կերտող կրթական միջավայրի վերագնահատման օր է։ Դպրոցը միայն շենք չէ, այն աշակերտի ապագայի հիմքերը դնող կառույց է։

Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ուսուցչական կազմի անուրանալի դերը աշակերտների քաղաքացիական գիտակցության ձևավորման ճանապարհին՝ ընդգծելով որակյալ կրթություն ապահովելու կարևորությունը և այդ ուղղությամբ պետության հանձնառությունը։ Սարգսյանը նշել է, որ ուսուցիչների աշխատանքի գնահատականն այն մարդկային կերպարներն են, որոնք դպրոցից հետո շարունակում են ապագա կերտել։

Դիմելով առաջին դասարանցիներին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ թեև նրանց համար ամեն բան նոր է, գուցեև անհանգստացնող, բայց ունենալով ծնողների և ուսուցիչների աջակցությունը, պետք է վայելեն ամեն պահը, յուրացնեն ցանկացած գիտելիք՝ երաշխավորելով որակյալ ապագա։

ՆԳ նախարարը, շնորհավորելով ուսումնական տարվա մեկնարկի առթիվ` շեշտել է, որ սեպտեմբերի 1-ը նաև պետության խոստման հետևողականության ընդգծումն է առ այն, որ յուրաքանչյուր երեխա Հայաստանի Հանրապետությունում ունի որակյալ ու արժանապատիվ կրթության իրավունք։

Միջոցառումն ուղեկցվել է դպրոցի սաների երգուպարի գեղեցիկ կատարումներով՝ ստեղծելով տոնական ջերմ մթնոլորտ։

Միջոցառմանը ներկա էին նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունը, Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսուցիչներ և հյուրեր։

Նմանատիպ գրառումներ