ՆԳ նախարարությունը «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» հետ համատեղ սեպտեմբերի 10-ին նախաձեռնել էր ՆԳՆ ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզների հետազոտության շուրջ հանրային քննարկումը։
Ներկա էին ՆԳՆ ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։
Ընդգծելով հանրային քննարկման և հետազոտության կարևորությունը՝ ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և նշել, որ կոռուցիայի դեմ պայքարը կենսական նշանակություն ունի իրավապահ համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար և պահանջում է համալիր մոտեցում։
Նա կոռուպցիայի կանխարգելման համատեքստում ընդգծել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության դերը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ իրականացվող ծավալուն աշխատանքը։
ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը նշել է, որ կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության առանցքային ուղղություններից է։
Նրա խոսքով՝ պատասխանատու ստորաբաժանման մշտական ուշադրության կենտրոնում է նման դեպքերի կանխումը, բացահայտումը, կանխարգելումը, ինչպես նաև անձնակազմի կարողությունների, պարտականությունների պատշաճ կատարումն ու այս ուղղությամբ գործիքակազմերի արդիակաացումը։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը նշել է, որ կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ՆԳ նախարարության և քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցությունը պետություն-հասարակություն կապի ամրապնդման կարևոր բաղադրիչ է։
Փորձագետներ Հայկուհի Հարությունյանն ու Գյուլնարա Սարգսյանը մանրամասն ներկայացրել են ՆԳՆ ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզների վերաբերյալ մշակված հետազոտությունը, որն իրականացվել է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» ֆինանսական օժանդակությամբ և «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։
Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ներկայացված առաջարկների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։