Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Շվեդիայի Միգրացիոն գործակալության միջազգային զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Շարլոտ Կիրոտարին, Գործակալության երկարաժամկետ խորհրդատու Օսլա ֆոն Հեյքինգ Դեյուսին և ծրագրերի ավագ ղեկավար Կարլ-Մարտին Անդերսոնին՝ քննարկելու միգրացիայի կառավարման և ինտեգրման ամրապնդմանն ուղղված նոր ծրագրի մեկնարկը։
Հանդիպմանը մասնակցեցին Շվեդիայի Միգրացիոն գործակալության Միջազգային զարգացման համագործակցության բաժնի ղեկավարը, ծրագրի ավագ ղեկավարը, ինչպես նաև գործակալության երկարաժամկետ խորհրդատուն, ով ծրագրի իրականացման ընթացքում տեղակայվելու է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում (ՄՔԾ)։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Շվեդիայի Միգրացիոն գործակալության միջև 2025–2029 թվականներին նախատեսվում է իրականացնել շարունակական համագործակցություն, որի շուրջ երկխոսությունը մեկնարկել է դեռևս 2024 թ․ գարնանը։
Հանդիպմանը մեկ անգամ ևս վերահաստատվեց կողմերի պատրաստակամությունը՝ ձևավորելու երկարաժամկետ ու կայուն գործընկերություն։
Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից։ Ծրագրի նպատակն է կատարելագործել Հայաստանի միգրացիայի կառավարման համակարգը, ապահովել տեղահանվածների և փախստականների արդյունավետ ինտեգրումը, նպաստել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, զարգացնել ՄՔԾ կարողությունները միգրացիոն մարտահրավերներին դիմակայելու գործում և ամրապնդել երկու կառույցների միջև համագործակցությունը։
Ծրագրի հիմնական հինգ ուղղությունները ներառում են առաջնորդություն, կառավարում և պլանավորում (ներառյալ վիճակագրություն և վերլուծություն), փաստաթղթերի և ինքնության ստուգում, կամավոր վերադարձ, միգրացիոն գործընթացների թվայնացում և տեղեկատվական համակարգեր և փախստականների ինտեգրում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ծրագրի պաշտոնական մեկնարկին և հետագա իրականացման գործընթացին առնչվող վերաբերյալ մի շարք հարցեր։