Սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզում ՆԳՆ փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և անցկացվել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն և հրամանատարական մասնագիտական պարապմունք։
Մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, ոստիկանության ստորաբաժանումների, պետական կառավարման համակարգի տարածքային մարմինների, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, ՆԳՆ ինչպես նաև բնակչության սպասարկում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ», «Սյունիք օդանավակայան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Կապան բժշկական կենտրոն» ՓԲ, «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերություններից:
Միջոցառման նպատակը Սյունիքի մարզում ուժեղ երկրաշարժի հետևանքներին արձագանքման գործողությունները գնահատելը, կազմակերպչական ու նյութատեխնիկական հնարավորությունները պարզելը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում գործող համակարգերի աշխատանքը վերլուծելն էր։
Ուսումնավարժության մեկնարկը տրվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ողջույնի խոսքով։
Կամո Ցուցուլյանն ընդգծել է՝ նման ուսումնավարժությունների դերը՝ դրանք դիտարկելով որպես գործնական հարթակներ, որտեղ ձևավորվում է միասնական արձագանքման մշակույթ, փոխանցվում է փորձը և զարգանում մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Նա նշել է, որ մասնակիցների ներգրավվածությունը վկայում է, որ Սյունիքում գործող կառույցները լիարժեք գիտակցում են արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու կարևորությունն ու առաջնահերթությունը։
Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով։ Յուրաքանչյուր փուլում մասնակիցներին առաջադրվել է ընդհանուր 50 խնդիր, որոնք հնարավորություն են տվել գնահատել նրանց կողմնորոշման, արագ արձագանքման և համագործակցության հմտությունները։
Ուսումնավարժության ընթացքում խաղարկվել են շտաբային աշխատանքի և տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, կազմակերպվել արձագանքման գործողություններ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռիսկային հատվածներում հնարավոր խնդիրների վերհանմանը և դրանց լուծման ուղիների մշակմանը։
Ուսումնավարժության ավարտին մասնակիցները լրացրել են գնահատման թերթիկներ, որոնց արդյունքները կօգտագործվեն հետագայում նմանատիպ միջոցառումների կազմակերպման, պլանավորման և մեթոդական կատարելագործման նպատակով։
Միջոցառման արդյունքները կծառայեն նաև արդեն գործող համակարգերի ամրապնդմանը, իսկ հայտնաբերված բացերը՝ համապատասխան ուղղման աշխատանքների կազմակերպմանը։
Ուսումնավարժությանը հաջորդել է Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում անցկացված Փրկարար ծառայության տնօրենի՝ ուսումնական խումբի հրամանատարական մասնագիտական պատրաստության պարապմունքը՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով, որն ուղղված էր Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի գիտելիքների և հմտությունների բարձրացմանը։
Նմանօրինակ միջոցառումները միտված են բարձրացնելու հանրային անվտանգության մակարդակը և ձևավորելու բնակչության պաշտպանության արդյունավետ և գործուն համակարգ։