
Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սերգեյ Բագրատյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքները։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի լրացումով արգելվում է տրանսպորտային միջոցներում տեղադրել ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ:
Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.1-ին հոդվածով պատասխանատվություն է նախատեսվել նաև տրանսպորտային միջոցներում ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգեր և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում՝ բարձրախոսներ) տեղադրելու կամ դրանք տեղադրված վիճակում վարելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով և տուգանային միավորի կիրառում՝ երկու միավոր՝ ստանդարտներին չհամապատասխանող խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավմամբ:
Օրենսդրական այս նախաձեռնության նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մակարդակը բարձրացնելն ու հասարակական կարգը և քաղաքացիների անդորրը պահպանելն է:
Օրենքներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:










