Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել որակյալ և հասանելի դարձնելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։

Այդ համատեքստում ՆԳ նախարարությունը, բացի օրենսդրական ու գործնական դաշտի բարեփոխումներից, ուշադրություն է դարձնում նաև աշխատակիցների հմտությունների ու գիտելիքների կատարելագործմանը:

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության աշխատակիցներն առաջին անգամ վերապատրաստման դասընթացներ են անցնում. մասնագիտական գիտելիքների կատարելագործումը նպաստելու է ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու արդյունավետ լուծմանը:

Վերապատրաստման դասընթացները մեկնարկել են սեպտեմբերի 22-ից:

Երևանի, Կոտայքի, Լոռու, Արարատի և Արագածոտնի հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատակիցներն արդեն իսկ մասնակցել են վերապատրաստման եռօրյա դասընթացի, որին հետևել են ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանն ու Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանը։

Վերապատրաստման ծրագիրը ներառում էր երեք հիմնական ուղղություն, որոնք միտված էին ամրապնդելու աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու զարգացնելու հմտությունները։

ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով՝ դասընթացների ընթացքում հիմնական շեշտը դրվում է ոլորտի վարչարարության, ՆԳՆ հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացման, հաղորդակցության հմտությունների բարելավման վրա:

Հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հրաչիկ Ղազարյանի խոսքով՝ վերապատրաստման հիմնական նպատակը գործառութային պարտականութունների վերաբերյալ գործող օրենսդրության պահանջների իմացության կատարելագործումն ու օրենքների, ենթաօրենսդրական ակտերի կատարման ժամանակ տարընթերցումների բացառումը, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների կողմից ամենօրյա գործառույթային պարտականությունների կատարման ընթացքում միատեսակ վարչարարության կիրառումն է:

Դասընթացի ընթացքում ծավալվել են նաև ակտիվ քննարկումներ։ Մասնակիցները ներկայացրել են հաշվառման-քննական ստորաբաժանումներում կիրառվող ընթացակարգերն ու մեթոդները, բացահայտել առկա խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման ուղիներ։

Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելուն միտված վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու՝ խթանելով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։

Նմանատիպ գրառումներ