Երբ քաղաքը դեռ քնած է, իսկ փողոցները՝ կիսադատարկ, պարեկներն անցնում են հերթափոխի։ Նրանք առաջիններից են, որ դուրս են գալիս փողոց՝ հսկելու նոր արթնացող կյանքն ու ապահովելու անվտանգ միջավայր։
Պարեկային ծառայության Լոռու գումարտակի ավագ պարեկ Հեղինե Լոռյանը նույնպես ապրում է նմանօրինակ առօրյայով, ով պարեկային ծառայություն է ընդունվել հանցավորության դեմ պայքարի ոգեշնչումով։
«Պարեկային ծառայությունում եմ 2022 թվականից: Միշտ հետաքրքրված եմ եղել իրավական ոլորտով ու ցանկանում էի գիտելիքներս օգտագործել գործնականում»,-ասում է Հեղինե Լոռյանը:
Հեղինեի համար ծառայությունը պարզապես աշխատանք չէ, այլ պատասխանատվություն ու նվիրում, համազգեստը պարզապես հագուստ չէ, այլ հպարտություն ու արժանապատվություն։ Իսկ երբ պատասխանատու ծառայությանն ու համազգեստի պատվավոր ներկայությանը գումարվում են կանացի խստապահանջությունն ու նրբությունը, ձևավորվում է հակասություններով լի մի կերպար, որը կարծրատիպեր է կոտրում։ Նրա խոսքով՝ «Հասարակության մեջ կան կարծրատիպեր, որ ոստիկանությունը տղամարդկանց գործն է, կանայք չպետք է ծառայեն ոստիկանությունում: Սակայն կարող եմ պնդել, որ կանայք նույնպես ուժեղ են, համառ, նպատակասլաց և կարող են արժանապատվորեն կրել համազգեստն ու մատուցել ծառայություն Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին»։
Հերթափոխի ավարտով, սակայն, Հեղինեի օրը չի վերջանում։ Նրա կյանքում կա կարգապահության երկու տեսակ՝ ծառայողական և մարզական։ Երկուսն էլ պահանջում են սառնասրտություն, կայունություն ու արագ որոշումներ։
Նա ծառայողական համազգեստը փոխում է մարզականի և մտնում մարզադահլիճ։ Գորգին մոտենալիս փոխվում են «խաղի» կանոնները, բայց ոչ սկզբունքները։ Պարեկային ծառայողը տատամիի վրա դառնում է մարզիկ՝ կենտրոնացած, լուռ ու ազդեցիկ։ Այստեղ ևս շարժումները հստակ են, կշռադատված ու ուժեղ՝ ինչպես ծառայության մեջ։
«Մանկուց զբաղվել եմ տարբեր սպորտաձևերով։ Ներկայումս ևս զբաղվում եմ քրոսսֆիթով, վազքով և կարատեով։ Ունեմ սև գոտի 3-րդ դանի որակավորման աստիճան։
Կարատեով սկսել եմ զբաղվել 15 տարեկանից։ Եղավ մի փուլ, երբ սկսեցի ծանոթանալ գոջուրյու կարատեի մշակույթին և փիլիսոփայությանը, որն ինձ տվեց մեծ կամքի ուժ։ Սպորտը ևս մեծ դեր է խաղացել, որ ես անցնեմ ծառայության ոստիկանության շարքերում»,-պատմում է Հեղինեն։
Հեղինեն վստահեցնում է՝ սպորտը ծառայության մեջ շատ է օգնում։ Մարզումները ոչ միայն ֆիզիկապես են ամրապնդում, այլև հոգեբանորեն. սովորում ես վերահսկել հույզերդ, գնահատել վտանգը, ճիշտ պահին արագ կողմնորոշվել։ Հենց այդ պատճառով էլ Հեղինեն շարունակում է մարզվել, շարունակում է զարգանալ և ուժեղանալ ոչ միայն որպես պարեկ, այլ նաև որպես անհատ։
2024 թվականին՝ Հայաստանի չեմպիոն, առաջին և երկրորդ տեղերի համար մեդալներ՝ Վրաստանիում տեղի ունեցած մրցումներում, Դոնի Ռոստովում կայացած միջազգային մրցաշարում՝ 2 ոսկե և 2 արծաթե մեդալ. սա պարեկ Հեղինե Լոռյանի սպորտային ձեռքբերումների համառոտ նկարագիրն է: Նրա օրինակը լավագույն պատասխանն է այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համադրել ուժը, կանացիությունն ու կարգապահությունը։ Պատասխանը պարզ է՝ ոչ միայն հնարավոր է, այլև՝ անհրաժեշտ։