Մի քանի րոպե, մի քանի գործողություն և գործարքը պատրաստ է։ Սեպտեմբերի 1-ից մինչև օրս շուրջ 300 քաղաքացի ավտոմեքենայի սեփականության փոխանցումն իրականացրել է առցանց՝ car.mia.gov.am հարթակի միջոցով։ Նոր հարթակի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն ունեն տրանսպորտային միջոցի ձեռք բերման, վաճառքի ու գրանցման գործընթացն իրականացնել ընդամենը մի քանի րոպեում՝ առանց Հաշվառման-քննական բաժին այցելելու՝ ցանկացած վայրից, ցանկացած ժամի՝ հնարավորինս պարզեցված։
Ավտոմեքենայի սեփականության իրավունքը փոխանցելու համար անհրաժեշտ է` վաճառելու դեպքում նախ գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում՝ վճարել ավտոմեքենայի հաշվառման գործողությունների տուրքը։ Գործարք կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք, լրացնել կոնտակտային և տրանսպորտային միջոցի տվյալները, հաշվառման համարանիշի և վկայագրի, համարակիր մասերի և սեփականության իրավունքի փոխանցման ձևի վերաբերյալ կատարել անհրաժեշտ գործողություններ։
Հարթակը լայն արձագանք է ստացել նաև սոցիալական ցանցերում․ քաղաքացիները կիսվել են իրենց տպավորություններով։
ՆԳ նախարարությունը հիշեցնում է, որ ավտոմեքենայի առուվաճառք իրականացնելիս գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական: Վաճառվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ։
Հիշեցում․ և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է անցնեն խիստ նույնականացում «ԵսԵմ» համակարգի միջոցով՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար։