Որո՞նք են խոցելի խմբերի հետ շփման առանձնահատկությունները, ի՞նչպես արձագանքել տարբեր վարքագծային դրսևորումներին, ի՞նչ սկզբունքներով առաջնորդվել. այս և այլ կարևոր հարցերի շուրջ հոկտեմբերի 22-ին ՆԳՆ կրթահամալիրում պարեկային ծառայողները ակտիվ քննարկում ունեցան Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի հետ։

Հաղորդակցման հմտությունների կատարելագործմանն ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպումը պարեկային ծառայողներին հնարավորություն տվեց ծանոթանալու հուզականության կառավարման մեթոդներին, սթրեսին դիմակայելու մոտեցումներին, ինչպես նաև կիսվել կոնֆլիկտային իրավիճակների կառավարման փորձով։

«Բարձրացված հարցերի մեծ մասը վերաբերում էր ոստիկանության ծառայող-քաղաքացի շփումներին, հատկապես, երբ դրանք խոցելի տարբեր խմբերի հետ են՝ ներառյալ երեխաների, ընտանեկան բռնության ենթարկված անձանց, կանանց, օտարերկրյա քաղաքացիների։ Բոլոր այս հարցերի շրջանակում կարևորվում է հենց մարդակենտրոն մոտեցումը, իսկ երեխաների դեպքում նաև երեխայակենտրոն մոտեցումը, որը մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար պետք է լինի անկյունաքարային»,-ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը:

Պարեկները քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցության տեսանկյունից կարևորեցին ճիշտ հարցադրումների տեխնիկան։

Անդրադարձ կատարվեց նաև տուժողների հետ շփման առանձնահատկություններին, կոնկրետ իրավիճակներում պարեկների գործողություններին ու անհատական մոտեցումներին։

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, տարբեր մասնագետների ներգրավմամբ, նման ձևաչափով հանդիպումները շարունակվում են։

Նմանատիպ գրառումներ