Երբ ամեն բացվող օր մարտահրավեր է, իսկ յուրաքանչյուր հաջողված գործողություն՝ փրկված կյանք, սխալվելու իրավունք չկա։

Այդ սկզբունքով են գործում Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները. նրանք իրենց նվիրումով ու պատրաստվածությամբ 2024 թվականին կատարած աշխատանքի ամփոփման արդյունքներով ճանաչվել են լավագույնը։ Տարվա ամփոփ արդյունքներն արձանագրում են ևս մեկ կարևոր փաստ՝ նույն ջոկատի կազմում է նաև տարվա լավագույն հրշեջ-փրկարարական խումբը։

Ջոկատն առանձնանում է ոչ միայն պատրաստվածության բարձր մակարդակով, այլև թիմային համախմբվածությամբ։ Յուրաքանչյուր ծառայող գիտի, որ իր որոշումը կարող է վճռորոշ լինել մեկ ուրիշի կյանքի ու առողջության համար։ Այդ գիտակցմամբ էլ կառուցվում է նրանց ամենօրյա աշխատանքը՝ վարժանքներից մինչև իրական կանչեր։
Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Նորայր Հարությունյանի խոսքով՝ ծառայողները բազմիցս հայտնվել են ամենաբարդ իրավիճակներում։ Նրանց հաջողության գաղտնիքը ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունն է, այլ նաև թիմային հոգեբանությունը. այստեղ յուրաքանչյուրը վստահ է մյուսի վրա։ Այդ փոխվստահությունն էլ ջոկատը դարձնում է անսխալ գործող համակարգ՝ ցանկացած իրավիճակում։ Դե իսկ լավագույն հրշեջ-փրկարարական 4-րդ խումբն իր պրոֆեսիոնալիզմով առանձնանում է մյուսներից։ Ծառայողների պատրաստվածությունն ու փոխհարաբերությունները հնարավորություն են տալիս ապահովել արդյունավետության բարձր մակարդակ նույնիսկ ամենասթրեսային իրավիճակներում։

Ծառայողների առօրյան բազմազան է։ Նրանք մարզվում են՝ զարգացնելու ուժն ու տոկունությունը, կատարելագործում ճկունությունն ու հավասարակշռությունը պարանային վարժանքներով, անցկացնում են դասընթացներ՝ ամրապնդելով տեսական գիտելիքները, վերլուծելով կատարած աշխատանքները, գնահատելով թույլ և ուժեղ կողմերը, որպեսզի հաջորդ կանչերին արձագանքեն առավել արդյունավետ։ Յուրաքանչյուր վարժանք ու դասընթաց նրանց պատրաստում է իրական մարտահրավերների։
Հերթական կանչը գրանցվեց հենց մեր նկարահանման ժամանակ։ Սննդի կետերից մեկում հրդեհ էր բռնկվել։ Բարդությունից ելնելով՝ տրվել էր «1 ԲԻՍ» կանչ։ Րոպեներ անց ջոկատը հրամանատարի գլխավորությամբ՝ ի թիվս այլ ջոկատների, հրդեհի վայրում էր։

Տեղում հայտարարվեց հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»։ Յուրաքանչյուր քայլ հաշվարկված էր ու թիմային վստահության վրա հիմնված։ Հրդեհի բարդությունը պահանջում էր սառը դատողություն, թիմային համագործակցություն և արագ կողմնորոշվելու անհրաժեշտություն։ Հրշեջ-փրկարարները գիտեին, որ յուրաքանչյուր վայրկյան կարող է վճռորոշ լինել, և հենց այդ գիտակցումով էլ աշխատում էին։ Ջոկատը միայն կրակի դեմ պայքարող ուժ չէր՝ մի ամբողջ համակարգ էր, որը միավորված էր մեկ նպատակի շուրջ՝ փրկել կյանքեր և կանխել նյութական վնասներ։ Շուտով հաջողվեց մեկուսացնել կրակը՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։
Թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը և 4-րդ խումբը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանի են լավագույնի կոչմանը։

Նմանատիպ գրառումներ