ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 13-ին ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 102,6 մլրդ դրամ, ինչը 2025 թվականի համադրությամբ բացասական տարբերություն ունի շուրջ 2,4 մլրդ դրամով։ Ընթացիկ ծախսերի գծով նախատեսված է 101,4 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 1,2 մլրդ դրամ հատկացում։

ՆԳ նախարարի խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունում և ենթակա պետական մարմիններում 2025 թվականին շարունակվել է բարեփոխումների խորքային գործընթացը և այն կշարունակվի նաև 2026 թվականի կտրվածքով՝ ապահովելով համակարգի կառավարման արդյունավետությունը, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բերելով նորարար մոտեցումներ, նաև շարունակելով բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակը։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ՆԳ նախարարության լիազորությունների շրջանակը լայն է և բազմաշերտ, իսկ գործունեությունն առնչվում է հասարակության բոլոր շերտերին՝ անկախ քաղաքացիությունից, ազգությունից, լեզվից, կրոնից և մշակույթից։

«Նախարարությունը գործում է անընդհատ, 24 ժամ՝ տարվա բոլոր օրերին. սա մեր աշխատանքի օպերատիվ, ամենօրյա կողմն է, միաժամանակ նաև շարունակում ենք համակարգի բարեփոխումների օրակարգը»,- ասել է նախարար Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը նշել է, որ ինստիտուցիոնալ վերափոխման առանցքային ուղղություններից է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխումը, և ընթացիկ տարում ավարտվել են ՆԳՆ միասնական կրթահամալիրի ձևավորման աշխատանքները, ինչը կլինի համակարգի որակյալ կադրերի ապահովման հենասյունային բաղադրիչը։

Ընդունվել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որով նախատեսվում է բարեվարքության ստուգման նոր համակարգ և կարգապահական նոր կանոններ ծառայողների համար։

Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում վերապատրաստվել է աննախադեպ թվով՝ ավելի քան 10 000 ոստիկանության ծառայող։

Ներկայացնելով ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման գործընթացը՝ նախարարը նշել է, որ նոյեմբերի 1-ին գործարկվել է ոստիկանության վերջին՝ չորրորդ հենասյունային ուղղությունը՝ Ոստիկանության գվարդիան. այն լինելու է ներքին անվտանգության համակարգի կարևորագույն ուղղություններից մեկը՝ գերժամանակակից սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով։

Առաջին անգամ մշակվել և ներդրվել է ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը։ Նախարարն ընդգծել է՝ միասնական ստանդարտների ներդրումը և համապատասխան մշակույթի ձևավորումը բարդ, սակայն անհրաժեշտ գործընթաց է։ «Այդուհանդերձ, մենք ընդունել ենք այս պատասխանատվությունը, որ պետք է հետևողականորեն իրագործենք ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման աշխատանքները, ինչը պահանջում է ջանք, նաև այս հարցում ունենք հստակ հանձնառություն»,- ասել է նախարար Սարգսյանը։

ՆԳ նախարարի խոսքով՝ Պարեկային ծառայությունն ամբողջությամբ ձևավորված է, ընթացիկ տարում արդիականացվել է շենքային ենթակառուցվածքը, Համայնքային ու Քրեական ոստիկանության մասով տրվել են ինստիտուցիոնալ լուծումներ, և առաջանահերթություն է ծառայողների կարողությունների զարգացումը, ծառայության կազմակերպման արդյունավետության շարունակական բարձրացումը։

Նախարարության կազմում հետևողականորեն ներդրվում է մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, որն ավելի արագ կսպասարկի քաղաքացիներին։

Անդրադառնալով հանցավորության ընդհանուր իրավիճակին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ տարվա կտրվածքով նախարարությունն ունեցել է լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման աճ։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինն ընդհանուր հանցավորության կառուցվածքում նվազել է 0,7 տոկոսով։ Արձանագրված հանցագործությունների 85,7 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են։

Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը շարունակում է բարձրանալ․ մեղադրյալներով գործերի թիվն աճել է 3,5 տոկոսով, այդ թվում՝ ծանր հանցագործություններով՝ 5,8 տոկոսով, իսկ առանձնապես ծանրերով՝ 9,9 տոկոսով։
Նախարարն ընդգծել է, որ մտահոգիչ համարվող սպանությունների թվի էական աճ չի դիտվում, և դրանց մասնաբաժինն ընդհանուր հանցավորության մեջ կազմում է մոտ 0,2 տոկոս։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 100 հազար բնակչության հաշվով սպանությունների համաշխարհային միջին ցուցանիշը 5,8 է, մինչդեռ Հայաստանում այն 2 է։
Նախարարն ընդգծել է նաև, որ թեև ցուցանիշները բավականին ցածր են, բայց իրավիճակը դեռևս մտահոգիչ է. պետք է հասկանալ՝ ինչպես լուծել խնդիրը հանցագործությունների կանխարգելման տրամաբանության մեջ։

Կառավարության կողմից մշակման փուլում է «Հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագիրը»։ ՆԳ նախարարի խոսքով՝ Կառավարությունը ներդրումներ է կատարում և բարեփոխում կրթական, առողջապահական, սոցիալական, իրավապահ ոլորտները՝ արդյունքում նպաստելով հանցավորության կանխարգելմանը։

Անդրադառնալով միգրացիոն ոլորտում ունեցած կարևոր նվաճմանը՝ նախարարը նշել է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր փուլում է։
Նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես փոխանցվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Նախարարը փաստել է, որ մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են Գործողությունների ծրագրի կետերում, արդեն իսկ իրականացվում են Կառավարության կողմից, իսկ որոշներն ընթացքի մեջ են։ «Դրանցից կարևորը թերևս փաստաթղթերի անվտանգությունն է։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք էական առաջընթաց ունենք բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ։ Գիտեք, որ կնքել ենք համապատասխան պայմանագիր ֆրանսիական ընկերության հետ, որը Հայաստանում հիմնադրել է «Հայփաս» ՓԲԸ-ն և այս պահին մեզ հետ ակտիվ աշխատում է գործընթացի իրականացման ուղղությամբ»,-ասել է ՆԳ նախարարը։ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում մեծածավալ շինաշխատանքներ կիրականացվեն թե՛ Երևանում, թե՛ մարզերում. կմեկնարկի գրասենյակների շինարարությունը։ 2026 թվականի երկրորդ կիսամյակում կգործարկվի ՀՀ-ում բիոմետրիկ համակարգը և, ըստ այդմ, քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր և նույնականացման քարտեր։

Հակիրճ անդրադառնալով Փրկարար ծառայությանը՝ նախարարը նշել է, որ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել և հաստատվել է Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը, ինչն անկյունաքարային նշանակություն ունի բարեփոխումների համատեքստում։ «Մինչև տարեվերջ նախատեսում ենք ապահովել կենտրոնական ապարատի փոփոխություններ և արդեն հաջորդ տարվա կտրվածքով կանդրադառնանք տարածքային ստորաբաժանումներին»,-ասել է ՆԳ նախարարը։ Ըստ նախարար Սարգսյանի՝ բյուջեի նախագծում հատկացումներ են արվել Փրկարար ծառայության գույքի արդիականացման ուղղությամբ, և ընթացիկ տարում ևս նախատեսվում են մեծածավալ գնումներ։

2026 թվականին ՆԳ նախարարությունը շարունակելու է որդեգրած բարեփոխումների ընթացքը՝ միաժամանակ հասարակական անվտանգության և հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկերի և ճգնաժամային այլ իրավիճակների, միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում պատշաճ իրականացնելով ամենօրյա գործառույթները։

 

Նմանատիպ գրառումներ