
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող բջջային կապի օպերատորների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ՆԳՆ կողմից ներդրվող «Միասնական կառավարման կենտրոն» ահազանգերի ընդունման և արձագանքման միասնական համակարգի իրականացմամբ պայմանավորված գործընթացներն ու տեղորոշման ծառայության հասանելիությանը վերաբերող հարցեր։
Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի շրջանակում նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից Ներքին գործերի նախարարության կողմից գործարկել մեկ միասնական կառավարման կենտրոն, որը կմիավորի Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթները։
Նախատեսվող բարեփոխման նպատակը առավել օպերատիվ և արագ արձագանքման գործընթաց, համապատասխան գերատեսչությունների միջև տեղեկատվության արդյունավետ և անխափան փոխանակում ապահովելն է, ինչպես նաև կամրապնդվի փոխգործակցությունը՝ ստեղծելով առավել համակարգված և միասնական կառավարման միջավայր։ Բարեփոխումը միաժամանակ կնպաստի պետական ռեսուրսների առավել նպատակային, արդյունավետ և օպտիմալ օգտագործմանն ու կառավարմանը։
Փոխնախարարը, կարևորելով քաղաքացիների անվտանգությունն ու ճգնաժամային իրավիճակներում պետության արագ արձագանքման պարտավորության կարևորությունը, ընդգծել է բջջային կապի օպերատորների հետ գերատեսչության համագործակցության նշանակությունը, ինչպես նաև Ծրագրի շրջանակում հետագայում համատեղ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը։



















