
ՆԳ նախարարությունում մինչև տարեվերջ կձևավորվի նոր մասնագիտացված ստորաբաժանում՝ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։
Իրականացվող փոփոխությունը ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի մեխանիկական տեղափոխում չէ ՆԳ նախարարության կառուցվածք, այլ ենթադրելու է հանցավորության վիճակագրության մշակման ու վերլուծության ուղղության ամբողջական վերափոխում։ Արդյունքում ձևավորված Կենտրոնը կմիավորի Ինֆորմացիոն կենտրոնի կատարած գործառույթները՝ նոր մեթոդների ու սկզբունքների կիրառմամբ, ինչպես նաև նոր, լրացուցիչ գործառույթներ կիրականացնի։
💬ՔՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը «Լուրերի» հետ զրույցում ներկայացրել է կենտրոնի գործունեության շրջանակը՝ ընդգծելով, որ հանցավորության կանխարգելման արդյունավետ քաղաքականության մշակման համար համապարփակ վերլուծական տվյալներն առաջնային են։
✔️Կենտրոնը ոչ միայն իրականացնելու է վիճակագրության վարում, այլև քրեաբանական խորքային վերլուծություններ՝ արհեստական բանականության կիրառմամբ։
✔️Հետազոտական կենտրոնի ձևավորումը հնարավորություն կտա ունենալ ոչ միայն թվային, այլ նաև հանցավորության վիճակի, թիրախային ուղղությունների մասին քրեաբանական խորը վերլուծություն, ինչն առավել արդյունավետ կդարձնի հետագա կանխարգելիչ միջոցառումները։
✔️Նոր կենտրոնում նախատեսվում է նաև հանցագործություն կատարած անձի վերաբերյալ տվյալների հետագծելիության ապահովումը՝ հանցանք կատարելուց մինչև քրեական պատասխանատվության ենթարկվելը և դրանից հետո։ Կենտրոնը հնարավորություն կտա վերլուծել հանցագործություն կատարած անձի վարքագիծը և հետագա վերլուծության արդյունքում հնարավոր կլինի դիտարկել այն թիրախները, որոնց ուղղությամբ էլ պետք է կատարել կանխարգելիչ աշխատանքներ։
💬ՆԳ նախարարի խորհրդական Գոհար Բեգոյանն ընդգծել է, որ ԵՄ չափանիշներին համապատասխան հանցավորության տվյալների վերաբերյալ հավաքագրումը և վերլուծությունը, ինչպես նաև դրանց հիման վրա քաղաքականության մշակումը սկզբունքային նշանակություն ունեն նաև ՀՀ միջազգային պարտավորությունների իրականացման տեսանկյունից և հատկապես վիզաների ազատականացման շրջանակում ՀՀ կողմից իրականացվող միջոցառումների համատեքստում, քանի որ բխում են հանցավորության կանխարգելման, դրա դեմ պայքարի և հանրային անվտանգության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությունից։
Նոր ստորաբաժանումը կդառնա հանարապետական նշանակության կենտրոն, հավագագրելով ոչ միայն Ոստիկանության, այլև մյուս իրավապահ մարմինների տվյալները։ Այս տեսանկյունից Ոստիկանության ստորաբաժանումների, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների հետ սերտ աշխատանքը սկզբունքային է, քանի որ Կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը կախված է լինելու նաև այդ համագործակցության որակից։










