
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի 5-րդ հանդիպման օրակարգում այս անգամ ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացն էր։
Հանդիպմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է միգրացիայի ոլորտում իրականացվող գործընթացները, առաջիկա ճանապարհային քարտեզը և արդեն իսկ իրականացված գործողությունները՝ դրանք ներկայացնելով վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լույսի ներքո։ Նա նշել է, որ այդ շրջանակում գործընթացների մեծ մասն ընթացքի մեջ է. Ներքին գործերի նախարարությունը համակարգում է նաև այլ գերատեսչություններին առնչվող գործընթացները, որպեսզի առաջիկա զեկույցում արձանագրված լինեն շոշափելի արդյունքներ։
Արմեն Ղազարյանը նշել է, որ առավել համապարփակ և համալիր մոտեցում ցուցաբերելու նպատակով փոխվելու է քաղաքացիության ինստիտուտը։
ՆԳ նախարարի տեղակալը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։ Մասնավորապես՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, Արտաքին գործերի նախարարության և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները բարձրաձայնել են քաղաքացիության և ռազմավարական կոնցեպտի ընթացքի վերաբերյալ հարցեր։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը միգրացիայի կառավարման համակարգի բարեփոխումների համատեքստում անդրադարձել է կենսաչափական համակարգերի ներդրմանը, ներկայացրել դրանց արտաքին տեսքն ու անվտանգության բաղադրիչները։ Ներկայացվել են բիոմետրիկ համակարգի ներդրման աշխատանքները, գործող յոթ աշխատանքային խմբերը և յուրաքանչյուրի մասով կատարված և նախատեսվող գործողությունները։
Ծառայության պետը պատասխանել է նաև ներկաների հարցերին, մասնավորապես՝ փաստաթղթավորման կարգի փոփոխություններին, տարբեր իրավական կարգավիճակ ունեցող անձանց փաստաթղթավորմանը, օրենսդրական դաշտի փոփոխություններին, ժամկետներին և պայմաններին։
ՄՔԾ պետի տեղակալներ Վարդան Մաթևոսյանը և Արամ Մելքոնյանը ներկայացրել են քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման քարտեզը, վերստուգման և անվտանգության առանձնահատկությունները, անդրադարձել կնքված հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի կիրառման ընթացքին ու համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման հարցերի։
ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրել է Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը՝ ներառյալ սահմանված 74 հենանիշները, որոնք ամփոփված են փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման, միգրացիայի կառավարման ու ապաստանի, հասարակական կարգի և անվտանգության և արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների ոլորտներում։

















