
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կնքման ութերորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, տարբեր պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով Համաձայնագրի (CEPA) դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգում։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է պանելային քննարկմանը՝ ներկայացնելով ՆԳ նախարարության մանդատի շրջանակում իրականացված քայլերը, մասնավորապես, նախարարության ինստիտուցիոնալ և եվրոպական ստանդարտներին հնարավորինս մոտարկված բարեփոխումները Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումների ճանապարհին Համաձայնագիրը եղել է ուղենիշային փաստաթուղթ։
Նախարարն ընդգծել է վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացը և Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերը հանրային անվտանգության ու հիմնարար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ շեշտելով այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության համագործակցության խորացման կարևորությունը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ՆԳՆ ոլորտային բարեփոխումները ուղիղ ներառված չեն CEPA-ի ճանապարհային քարտեզում, սակայն դրանց արդյունքները գաղափարապես սերտ փոխկապակցված են CEPA-ի հետ։
«CEPA-ի շրջանակում մի շարք միջոցառումների իմպլեմենտացումն ուղիղ կապ ունի նաև Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման հետ, և ՀՀ գործող ինքնիշխանության մակարդակը թույլ է տալիս զարգացնել մեր հնարավորություններն ու ավելի մեծ տեմպով իրականացնել ոլորտային բարեփոխումները»,-նշել է ՆԳ նախարարը։
Արփինե Սարգսյանը վերահաստատել է արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամությունը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Համաձայնագրի շրջանակում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումներին։































