Հայաստանն իրականացնում է վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործմանն ուղղված ազգային ինքնագնահատում, ինչը աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում կարևոր քայլ է:

Ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 26-27-ը տեղի է ունեցել «Բազմավտանգային վաղ նախազգուշացման համակարգի զարգացումը Հայաստանում» թեմայով ազգային ինքնագնահատման աշխատաժողով:

Միջոցառման նպատակը «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (EW4All) գլոբալ նախաձեռնության շրջանակում Հայաստանի վաղ նախազգուշացման համակարգերի վիճակի գնահատումն էր:

Աշխատաժողովին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Մասնակցում էին նաև տարբեր գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտահետազոտական կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, EW4All նախաձեռնության 4 հենասյունները ներկայացնող կազմակերպությունների (UNDRR, WMO, ITU, IFRC) տեխնիկական մասնագետներ, քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ։

Երկօրյա աշխատաժողովի օրակարգում վաղ նախազգուշացման համակարգերի չորս հիմնական բաղադրիչներն էին՝ ռիսկերի վերաբերյալ գիտելիքներ, մոնիթորինգ, կանխատեսում և վերլուծություն, նախազգուշացումների տարածում և հաղորդակցություն, նախազգուշացումներին պատրաստվածություն և արձագանքում։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն աջակցության համար շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին՝ ընդգծել է, որ վաղ նախազգուշացման համակարգերի արդիականացումը բխում է 2025 թվականին ընդունված՝ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներից և Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունից։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին կարևորել է Հայաստանում բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման ազգային հանձնառությունը որպես երկարաժամկետ դիմակայունության հիմնական նախապայման։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում ներկայացրել է կանխատեսումների ու վաղ նախազգուշացման համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը։

Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են ինստիտուցիոնալ համակարգման, տեխնոլոգիաների, տվյալների փոխանակման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և ոլորտին վերաբերող այլ հարցեր:

Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Ջրամբարների կառավարման կարողությունների կատարելագործում կլիմայական ռիսկերին դիմակայունության համար» ծրագրի շրջանակում՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։

Նմանատիպ գրառումներ