
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 29-30-ը ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած՝ Հայաստանի միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի վերլուծական հաշվետվությունների և արդյունքների նախնական տարբերակի ներկայացմանը։
Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, պետական և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ։
Նախարար Արփինե Սարգսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանին և միջազգային գործընկերներին։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի համար շատ կարևոր է միգրացիոն ոլորտի կառավարման համապարփակ ռազմավարական մոտեցումը, երբ ճիշտ արժեհամակարգի վրա ձևավորված բոլոր բաղադրիչները կոչվում են իրենց անուններով:
Անդրադառնալով քաղաքացիության ինստիտուտին՝ նա ընդգծել է, որ տարիներ շարունակ ինստիտուտի ձևախեղման հետևանքով մարդակենտրոնության հետ կապված մի շարք մոտեցումներ ստորադասվել են, մինչդեռ քաղաքացիության վերաբերյալ լուծումները պետք է խարսխված լինեն տարբեր մոտեցումների վրա։
«Գնալու ենք որոշումների, նաև կտրուկ և ցավոտ լուծումների, որովհետև, ի վերջո, քաղաքացիությունը ենթադրում է պետության և քաղաքացու կայուն կապ, միմյանց նկատմամբ երկկողմանի հոգատարություն, խնամք, պատասխանատվություն։ Պետք է անդրադարձ կատարենք նաև երկաքաղաքացիության ինստիտուտին, հասկանանք մոտեցումները: Եթե շնորհում ենք քաղաքացիություն, ապա պետք է վստահ լինենք, որ տվյալ անձն իր կյանքը կապելու է Հայաստանի Հանրապետության հետ»,- նշել է Արփինե Սարգսյանը։
ՆԳ նախարարն ընդգծել է ռեզիդենտության բաղադրիչը խորքային ուսումնասիրելու, քննարկելու, ինչպես նաև կենտրոնացված տվյալների հավաքագրման ինստիտուտի ինտեգրման անհրաժեշտությունը։
Ներկայացնելով ռազմավարական ծրագրի նախնական տարբերակը՝ Տիգրան Ջրբաշյանն ու Միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի թիմի անդամներն անդրադարձել են քաղաքացիության համակարգային շրջանակին, քաղաքացիության ձեռքբերման, դադարեցման պահանջների կիրառելիության միջազգային փորձին ու Հայաստանի օրենսդրական կարգավորումներին։
Անդրադարձ է կատարվել նաև երկքաղաքացիության իրավական կարգավորումներին, այդ համատեքստում սփյուռքի առանձնահատկություններին, միգրացիայի և ապաստանի իրավական ու ինստիտուցիոնալ հարցերին։
Ծավալվել է ակտիվ քննարկում, նախանշվել են մոտեցումներն ու խնդիրները։ Քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։





























