
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, մանրամասներ ներկայացրել Գործողությունների ծրագրի վերաբերյալ։
Արփինե Սարգսյանն ընդգծել է՝ Գործողությունների ծրագրի կատարումը բարերար ազդեցություն կունենա քաղաքացիների կյանքի որակի վրա, նաև կստեղծվի հնարավորություն դեպի ԵՄ մոբիլ ճանապարհորդելու։
✔️Այս պահի դրությամբ Հայաստանը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն բաց երկխոսություն ունի վիզաների ազատականացման հարցի շուրջ։
✔️Եվրոպական կողմը Գործողությունների ծրագրում նախատեսել է միջոցառումներ, որոնք ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում են։
✔️ՆԳ նախարարը խոսելով փաստաթղթերի անվտանգության բարձրացման պահանջի մասին՝ նշել է, որ սա նորություն չէ ՀՀ կառավարության համար, քանի որ տարիներ շարունակ ախտորոշվել է խնդիրը և արդեն իսկ ֆրանսիական գործընկերոջ հետ կնքվել է բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ պայմանագիր։
«Կարևոր է, որ Հայաստանի համար բիոմետրիկ համակարգը լինի կայուն և անվտանգ։ Այլ պետությունները ՀՀ քաղաքացու հետ հարաբերվելիս պետք է վստահ լինեն, որ Հայաստանը թողարկել է այնպիսի փաստաթուղթ, որին կարելի է վստահել և որի տվյալները արժանահավատ են»,- ընդգծել է նախարար Սարգսյանը։
✔️2026 թվականի երկրորդ կիսամյակում բիոմետրիկ համակարգն ամբողջությամբ ներդրված կլինի և քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր և նույնականացման քարտեր։
✔️Ոչ միայն ՆԳ նախարարութան, այլև մյուս գերատեսչությունների մասով ևս Գործողությունների ծրագրի շրջանակում աշխատանքներն ընթացքի մեջ են։
✔️Առաջիկա օրերին ԵՄ առաքելությունը կլինի Հայաստանում և կգնահատի Գործողությունների ծրագրի իրականացման մակարդակը․ առաջին փուլում գնահատվելու է քաղաքականության մշակումն ու օրենսդրությունը։
Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացի ժամկետներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այս պահի դրությամբ գնդակը ՀՀ դաշտում է և ակնհայտ է, որ ունենալով Գործողությունների ծրագիրը՝ հետևողականորեն պետք է իրականացնել։
«Մենք այն համոզմանն ենք, որ Գործողությունների ծրագիրն առօրյա ռեժիմով պետք է լինի մեր օրակարգում, առօրյա ռեժիմով պետք է կարողանանք Գործողությունների ծրագրի այս կամ այն կետի իմպլեմենտացմանը միտված քայլ ձեռնարկենք և կարճ ժամանակում ունենանք բոլոր միջոցառումների կատարումը։ Դրան կհաջորդի եվրոպական կողմի գնահատումը։ Եվ եթե գործըկերները որոշեցին, որ 74 հենանիշային ուղղությունները նվաճված են, ապա կունենանք դրական արդյունք»,- ընդգծել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։










