Կարևորելով ՆԳՆ ենթակա ծառայությունների կարողությունների շարունակական զարգացումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը՝ ՆԳ նախարարությունը և «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը համատեղ վերապատրաստման դասընթացներ են անցկացրել, որոնց նպատակը բարեվարք և քաղաքացիակենտրոն հանրային ծառայողներ ունենալն է։

Պարեկային, Փրկարար ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների աշխատակիցները «Հանրային հաղորդակցումը և կոնֆլիկտների կառավարումը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման ընթացքում զարգացրել են հանրային հաղորդակցության և կոնֆլիկտների կառավարման հմտությունները։

Դասընթացներն անցկացրել է «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյանը: Ներկայացնելով հանրային ծառայողների արդյունավետ հաղորդակցության և կոնֆլիկտների կառավարման գործիքակազմերը՝ նա ընդգծել է, որ գրագետ հաղորդակցությունը, կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ կառավարումը նպաստում են ՆԳ նախարարության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը։

Մկրտիչ Ավետիսյանի խոսքով՝ հանրության հետ ամենօրյա ռեժիմով աշխատող ծառայողների համար կոնֆլիկտների արդյունավետ կառավարումը ենթադրում է հասկանալի և ակտիվ հաղորդակցություն և լուծումներին ուղղված համագործակցություն։

Մասնակիցները կիսվել են տարբեր իրավիճակներում կոնֆլիկտների կառավարման իրենց փորձով՝ նշելով, որ կոնֆլիկտների կառավարումն ու հանրային հաղորդակցությունը մասնագիտական հմտությունների անբաժանելի բաղադրիչներ են։

ՆԳ նախարարությունը մշտապես կարևորում է հանրային ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման գործընթացը, ինչը հնարավորություն է ձևավորելու մասնագիտական բարձր որակներ։

Նմանատիպ գրառումներ