
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-28-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբի (Պոմպիդու խումբ) 19-րդ նախարարական վեհաժողովին։
Ներկայացվել են 2023-2025 թթ. ծրագրի կատարողականն ու առանցքային միջոցառումները։ Ընդունվել է նաև Պոմպիդու խմբի 2026-2029 թվականների աշխատանքային ծրագիրը, որը հավակնոտ ճանապարհային քարտեզ է՝ կենտրոնացած չորս հենասյուների վրա՝ կանխարգելում, վնասի նվազեցում, բուժում և վերականգնում, մատակարարումների կրճատում: Ընդգծվել են մարդու հիմնարար իրավունքները, օրենսդրության ու պրակտիկայի մեջ գենդերային հավասարությունը, երեխաների իրավունքների նկատմամբ մոտեցումները:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական օգտագործման և անօրինական շրջանառության դեմ պայքարի վերջերս ընդունված ռազմավարությունը, մասնավորապես՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ազգային համակարգ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները։
Փոխնախարարը վերահաստատել է Պոմպիդու խմբի շրջանակում համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը։
Վեհաժողովում ընդունվել է Նախարարական հռչակագիր. անդամ-երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Պոմպիդու խմբին:













