ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 15-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր՝ հետևելու Քրեական ոստիկանությունում և Համայնքային ոստիկանությունում ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլին:

Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին ներկայացրել են հարցազրույցի անցկացման կարգը, թեկնածուների ընտրության ու գնահատման չափորոշիչները։

Ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պատրաստվածության համալիր ստուգման փուլերը հաղթահարած 237 դիմորդներից 155-ը դիմել են Համայնքային ոստիկանությունում, իսկ 82-ը՝ Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար։

Հանձնաժողովների կազմում ընդգրկված են Քրեական և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը, ՆԳ նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև հոգեբաններ։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանն ընդգծում է․ «Հանձնաժողովի այս կազմը թույլ է տալիս, որպեսզի բազմակողմանի գնահատվեն դիմորդի կարողությունները, գիտելիքները, ունակությունները, կոմպետենցիաները, ինչքանով են դրանք համապատասխանում ակնկալվող աշխատանքի որակին և արդյունքին»։

Հանձնաժողովի անդամները նախապես հաստատված հարցաշարերի միջոցով ստուգում են դիմորդների բարեվարքությունը, հոգեբանական նկարագիրը, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու, ինքնատիրապետման, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները:

Հանձնաժողովի անդամ, հոգեբան Քրիստինա Ավետիսյանի խոսքով՝ տարբեր հարցերի միջոցով հնարավոր է լինում դիմորդների մասնագիտական մոտիվացիան բացահայտել, իսկ խաչաձև հարցերը հատկապես օգնում են անհատի անձնային առանձնահատկությունների բացահայտմանը։

Ընդունելություն-մրցույթի շնորհիվ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համար ստեղծվում են մասնագիտական աճի, այլ ծառայություններում իրենց փորձը կիրառելու և առաջխաղացման նոր հնարավորություններ։

Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում և կնշանակվեն համապատասխան պաշտոնների:

Նմանատիպ գրառումներ