
Ազգային ժողովը քննարկել և ընդունել է Ներքին գործերի նախարարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ներկայացրած՝ ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները։
Հիշեցնենք, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ հուշագրի արդյունքում մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները՝ միաժամանակ, բավարարելով այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջներին։
Արմեն Ղազարյանը նշել է նաև, որ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:
««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ նշելով, որ փոփոխությամբ առաջարկվում է բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն՝ Օպերատիվ կառավարման գրասենյակ։
«Անհրաժեշտ է ձևավորել տարբեր ճգնաժամային իրավիճակներում, իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների և այլ դեպքերի համար ահազանգերի և դրանց արձագանքման՝ բնակչության համար առավել մատչելի և արդյունավետ համակարգ»,- ընդգծել է փոխնախարարը:
Ըստ Արմեն Մկրտչյանի` ներկայումս տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ և արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն որոշել և կողմնորոշվել, որ հեռախոսահամարով է անհրաժեշտ ահազանգել:
Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծմամբ պայմանավորված՝ կդադարեցվի Ոստիկանության օպերատիվ կառավարման և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների գործունեությունը՝ դրանց տեխնիկական համակարգերն ամբողջ ծավալով կփոխանցվեն Օպերատիվ կառավարման գրասենյակին։
Ներկայացնելով Օպերատիվ կառավարման գրասենյակի գործառույթները՝ Ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ նախատեսվում է որպես մեկ միասնական հեռախոսահամար գործարկել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ-ում առավել տարածված և բնակչության կողմից ճանաչելի է որպես արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար:
Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծումից անմիջապես հետո աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման ու շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը ևս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ: Միաժամանակ, կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավվի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը:













