ՆԳ նախարարությունը անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից բարձր ստանդարտներ է որդեգրել․ որպես ներքին անվտանգության ապահովման պատասխանատու՝ նախարարությունը հետևողական է, որպեսզի Ոստիկանության ծառայողներն անձնական տվյալների հետ աշխատելիս առաջնորդվեն բացառապես օրենքի պահանջներով։

Այդ համատեքստում Ոստիկանության ծառայողների համար մշակվել են «Անձնական տվյալների պաշտպանություն» և «Անձնական տվյալների պաշտպանությունը Ոստիկանության գործողությունների ընթացքում» ուղեցույցները, նաև ՆԳ նախարարի հրամանով հաստատված՝ Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը:

ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը նշում է՝ ուղեցույցի նպատակն առավել պարզ, մատչելի տարբերակով, սխեմաների միջոցով Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությանը ծանոթացնելն է։

Էմիլ Մարգարյանի խոսքով՝ ոստիկանության ծառայողներն ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում են անձնական տվյալների հավաքագրմանն ու մշակմանը, ուստի ուղեցույցը՝ անձանց իրավունքների պաշտպանության և ոստիկանության գործառույթների պատշաճ իրականացման համար կարևոր նշանակություն ունի՝ միաժամանակ նպաստելով իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։

Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը բարձր ռիսկային իրավիճակներում ուժի կիրառման, կարգավորող իրավական դաշտի, համաչափության անհրաժեշտության վերաբերյալ համալիր ձեռնարկ է, որի մշակման աշխատանքներին ներգրավվել են Կրթահամալիրի և ոլորտի լավագույն մասնագետները։

Ձեռնարկները միտված են ՆԳՆ ոստիկանության ծառայողների մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, գործառույթային պարտականությունների առավել պատշաճ կատարմանը և քաղաքացիակենտրոն մոտեցումներով առաջնորդվելուն։

Նմանատիպ գրառումներ