Ջերմ հյուրընկալություն ու անվտանգային բարձր մակարդակ․ համադրություն, որն այս տարի գրավել է միլիոնավոր այցելուների՝ զբոսաշրջային ուղղություններից ընտրելու Հայաստանը։

Մեզ հետ զրույցում Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կիսվել են իրենց տպավորություններով: Բոլորի մոտ նույն դրական վերաբերմունքն է Հայաստանի ու հայաստանցիների մասին:

«Շատ բարեհամբույր և բարեսիրտ ժողովուրդ են հայերը. կարող ես յուրաքանչյուրին կանգնեցնել փողոցում և դիմել հարցով, և բոլորը կփորձեն օգնել, խորհուրդ տալ»,-ասում է մեզ հանդիպած զբոսաշրջիկներից մեկը:

Միջազգային վարկանիշներում ներկայացվածությունը ևս արտացոլում են մեր երկրի անվտանգային մշակույթը ու զբոսաշրջային գրավչությունը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ «Այս տարի միջազգային հայտնի պարբերականը, որը ամեն տարի հարցումներ է իրականացնում, թե որ երկրներն են համարվում անվտանգ, Հայաստանը դիրքավորել էր ութերորդ տեղում. անվտանգությունը մեր կենսակերպի, մեր վարվելակերպի մեջ է, մարդիկ իրապես Հայաստանում իրենց անվտանգ են զգում»:

«Ես ճամփորդել եմ Բարսելոնայում և բազմաթիվ այլ երկրներում, որտեղ գրեթե միշտ ստացել եմ զգուշացնող հաղորդագրություններ, որ պետք է ուշադիր լինել պայուսակի, անձնական իրերի նկատմամբ՝ գողություններից խուսափելու համար։ Ի տարբերություն այդ երկրների՝ Հայաստանում նման զգուշացումների կարիք չկա»,-ասում է զբոսաշրջիկներից մեկը:

Զբոսաշրջիկների համար անվտանգային պայմանները նախընտրած երկիր այցելելու ընտրության հարցում կարևոր չափանիշներ են:

«Մենք այստեղ մեզ լիովին անվտանգ ենք զգում։ Դեռ չենք եղել Հայաստանի այլ քաղաքներում, բայց Երևանը, որպես մայրաքաղաք, պարզապես բարձր մակարդակի վրա է։ Սա իսկապես եվրոպական քաղաք է՝ հարմարավետ ու անվտանգ»,-ասում է մեկ այլ զբոսաշրջիկ:

Զբոսաշրջիկներից մեկը նշում է՝ «Ոստիկանության ծառայողներն ու անվտանգության աշխատակիցներն ամենուր են, օրինակ՝ տեսարժան վայրերի մոտ, հրապարակներում, խանութների մոտ։ Սա զբոսաշրջիկներին ապահովություն է ներշնչում»։

«Իրադարձային տուրիզմը, փառատոնները կամ այլ զբոսաշրջային միջոցառումներն անցնում են առանց լուրջ միջադեպերի, և այդ առումով պետք է շնորհակալություն հայտնենք ՆԳՆ ոստիկանության ծառայողներին, որոնք միշտ աջակցում են մեզ այդ միջոցառումների անցկացման ժամանակ»,-ասում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Զբոսաշրջիկները նշում են, որ հատկապես գիշերային ժամերին անվտանգության առումով Երևանը գերազանցում է նրանց այցելած բազմաթիվ քաղաքների, ինչը ՆԳՆ ոստիկանության բոլոր ծառայությունների համակարգված և արդյունավետ աշխատանքի ցուցիչ է։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ «Ոչ բոլոր քաղաքներում զբոսաշրջիկը կարող է գիշերային ժամերին ապահով զգալ, այլ երկրներում սովորաբար զգուշացնում են ժամը 23-ից հետո դրսում չլինել: Մինչդեռ Երևանում և մեր մյուս այցելավայրերում գիշերային կյանքը կամ գիշերը զբոսնելը, վրանում ապրելը զբոսաշրջիկի համար ոչ մի խնդիր չի առաջացնում»:

Ըստ Condé Nast միջազգային հեղինակավոր ճանապարհորդական պարբերականի՝ Երևանը աշխարհի 10 լավագույն գիշերային կյանքով քաղաքների շարքում 7-րդն է։

Զբոսաշրջիկների արձագանքները փաստում են, որ Հայաստանը տեսնելու, զգալու և անվտանգ ճամփորդելու երկիր է։ ՆԳ նախարարությունը շարունակում է առաքելությունը՝ բոլոր ջանքերը ներդնելով մեր երկիր այցելողների առավել անվտանգ հանգիստը երաշխավորելու ուղղությամբ։

Նմանատիպ գրառումներ