Արդեն 15 տարի՝ դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը, «Ճամպրուկն» իր շուրջն է համախմբում միգրացիոն ոլորտը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, ովքեր բառի, կադրի ու լռության միջոցով փորձում են լսելի դարձնել ոլորտի խնդիրները։

Մրցույթին մասնակցած ԶԼՄ ներկայացուցիչները անդրադարձել են միգրացիայի, փախստականների, ինտեգրման զգայուն թեմաներին՝ որի առանցքում մարդն է։ Հայտ ներկայացրած լրատվամիջոցներից 7 լավագույն հրապարակումներն արժանացել են մրցանակի։

Գլխավոր մրցանակին է արժանացել «ՍիվիլՆեթ» լրատվական կայքի՝ «Ընկեր Սիլվեն․ Թեղուտի աֆրիկացի մարզիչը» հրապարակումը։

Երկրորդ տեղը կիսել են «Արմենիան Վուիքլին» և «Մեդիալաբը», իսկ երրորդ մրցանակին արժանացել է «Նիզակ մեդիան»։
Խրախուսական պարգևների են արժանացել «Արմենիա» հեռուստաընկերությունը, «Հետք․էյեմը» և «Մեդիա ակումբ» հասարակական կազմակերպությունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում միգրացիոն կանոնավոր և պատասխանատու վարքագծի ձևավորումը։ Նրա ընդգծմամբ՝ դա ոչ միայն իրավական պահանջ է, այլև կայուն ու անվտանգ միգրացիոն միջավայր կառուցելու հիմք։

«Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության մեդիա և հաղորդակցության ղեկավար Շուշան Ներսեսյանի խոսքով՝ ներկայացվող աշխատանքներում կարևորվել են այն թեմաները, որոնցում անդրադարձ է կատարվել միգրացիայի թեմաներով սոցիալական խնդիրներին և առաջարկվել են լուծումներ։

Կազմակերպիչների խոսքով՝ որակյալ լրագրությունը ոչ միայն ազդում է միգրացիոն վարքագծի վրա, այլ նաև նպաստում է իրավագիտակից ու տեղեկացված հասարակության ձևավորմանը։

ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանն էլ փաստում է՝ «Ճամպրուկը» մարդկանց հույզերի, ապրումների մասին է։

«Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպվում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության համագործակցությամբ։

Նմանատիպ գրառումներ