
Բարձր երաժշտություն, աղմուկ ու քաղաքացիների անդորրի խաթարում․ այս խնդիրների շուրջ տարիներ շարունակ հնչած բողոքները հոկտեմբերի 2-ին օրենսդրական լուծում ստացան։ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ սահմանելով պատասխանատվություն տրանսպորտային միջոցներում ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ, բարձրախոսներ տեղադրելու համար։
💬ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով ՝ տրանսպորտային միջոցում տեղադրված ոչ գործարանային կամ ստանդարտին չհամապատասխանող սարքավորումները խոչընդոտում են ոչ միայն երթևեկության մյուս մասնակիցներին, այլև խնդիրներ են ստեղծում հանրային անվտանգության համար։
✔️Վերահսկողական միջոցառումներն սկսկել են այս տարվա նոյեմբերից։ Օրենքը պատասխանատվություն է սահմանում երեք դեպքում՝ սարքավորումը տեղադրելու, այն տեղադրված վիճակում մեքենա վարելու և շարժման ընթացքում օգտագործելու համար։
✔️Իրավախախտման հայտնաբերման պահին, եթե վարորդն ինքնակամ ապամոնտաժում է սարքավորումը՝ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում։ Հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 10 հազար դրամի չափով և երկու տուգանային միավոր, ինչպես նաև սարքավորման առգրավում։
✔️Նոյեմբերից ի վեր ստուգվել է մոտ 2500 տրանսպորտային միջոց։ Շուրջ 400 վարորդ կամավոր հեռացրել է սարքավորումները, իսկ մոտ 350 անձի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ՝ ներառյալ առգրավումը։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն։










