
Ոստիկանության ծառայողները վերապատրաստվում են ուժային միջոցների կիրառման նոր ստանդարտների ներդրման շրջանակում, որոնք սահմանվել են այս տարվա հոկտեմբերին։
Նոր գործելակարգը հստակ սահմանում է ե՞րբ, ի՞նչ պայմաններում և ի՞նչ չափով կարող է կիրառվել ուժը՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությամբ։
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանը նշում է, որ Ոստիկանության գվարդիայի ծառայողը պետք է մտածի առաջին հերթին ուժային միջոցներ չգործադրելու մասին, եթե հնարավոր է իրավաչափ նպատակին հասնել հաղորդակցության և բանակցությունների միջոցով։
Այս նպատակով Ոստիկանության գվարդիայում ստեղծվել է նույնիսկ հատուկ բանակցային ստորաբաժանում։ Ծառայողի գործելակարգում շեշտադրված է նվազագույնի սկզբունքը։
Պասիվ անհնազանդության դեպքում կիրառվում են ավելի մեղմ միջոցներ, իսկ ակտիվ դիմադրության դեպքում ավելի ուժեղ միջամտություն՝ միշտ համաչափ և հիմնավորված։
Նոր գործելակարգը պարտադիր է կատարման համար և արդեն ներառված է Ոստիկանության ծառայողների վերապատրաստումների ծրագրում։
Ուժի կիրառման նոր ստանդարտներին զուգահեռ ՆԳ նախարարությունում մշակվել են նաև «Անձնական տվյալների պաշտպանություն» և «Անձնական տվյալների պաշտպանությունը գործողությունների ընթացքում» ուղեցույցները, որի միջոցով Ոստիկանության ծառայողներին առավել պարզ և մատչելի տարբերակով ներկայացվում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործող օրենսդրությունը։
Ուղեցույցները հստակ սահմանում են Ոստիկանության ծառայողի պարտականությունը քաղաքացիների առօրյա խնդիրների լուծման ժամանակ։
Ուղեցույցներն ու նոր ստանդարտները մեկ նպատակ ունեն՝ ոստիկանության գործունեությունը դարձնել առավել կանխատեսելի, իրավաչափ և արդյունավետ։










