Սևանա լիճը կենդանի համակարգ է, և ցանկացած սխալ միջամտություն կարող է թողնել խորքային և երկարաժամկետ հետևանքներ։ Պետության դիրքորոշումն այստեղ հստակ է ու աներկբա. ջրային ռեսուրսների և կենդանական աշխարհի պահպանությունը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ դրանց պաշտպանությանն ուղղված քայլերը՝ խիստ, իրավաչափ և հետևողական։

Այս իրողության գիտակցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ձկնագողության դեմ պայքարը։

Թեև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի արգելքից առաջ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, այդուհանդերձ պարեկային ծառայողները շարունակում են ձկնագողության դեպքեր բացահայտել՝ նշում է Ջրային պարեկների վաշտի 1-ին դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանը:

Ոստիկանության գործողությունները միտված են ոչ միայն խախտումների բացահայտմանը, այլ նաև կանխարգելմանը՝ հստակ ուղերձով, որ էկոհամակարգի խաթարման հաշվին որևէ շահ արդարացված չէ։

Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը հայտնաբերել և առգրավվել է ապօրինի որսած՝ 1000 կիլոգրամից ավելի 2613 ձուկ։

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ, հայտնաբերել և առգրավել են նաև 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ և թիեր։

Հիշեցնենք, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն:

Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետության, հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքն ու հանձնառությունը՝ պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունն այսօր՝ ապագայի համար։

Նմանատիպ գրառումներ