
Արդեն մի քանի ամիս է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամները նախարարության տիրույթում գտնվող թեմաներ են ուսումնասիրում, քննարկում և առաջարկներ ներկայացնում։
💬Խորհրդի անդամ Դավիթ Մուրադյանը նշում է, որ հերթական նիստին ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման ուղղությամբ առաջարկներ են ներկայացրել՝ լուսացույցային կարգավորումներից մինչև համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքների կառուցում, կատարելագործում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
Նրա խոսքով՝ իր առաջարկներից մեկը կյանքի կոչվելու միտում ունի։ Պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ։
💬Անդամներից Արսինե Գևորգյանն էլ ներկայացրել է վարորդական վկայականի տրամադրման ընթացակարգի վերաբերյալ առաջարկներ՝ հիմնականում տարիքային շեմի սահմանափակման կամ ընթացակարգերի հեշտացման հետ կապված։
Արսինե Գևորգյանն առաջարկել է խստացնել պատիժն այն անձանց նկատմամբ, որոնք տրանսպորտային միջոցը տրամադրում են վարելու իրավունք չունեցող անձի։ Այս պահին տուգանքը 25 հազար դրամ է․ նախարարությունից տեղեկացնում են՝ առաջարկը դրական արձագանք է ստացել։
💬«Առաջարկը ներառվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի մեջ և առաջիկայում կներկայացվի քննարկման»,- նշում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երիտասարդները նաև ոլորտային տարբեր թեմաների շուրջ քննարկումներ են ունենում ՆԳՆ ենթակա ծառայությունների ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Նարեկ Սարգսյանն ընդգծում է՝ հնարավոր է կյանքի կոչվեն երիտասարդական խորհրդի անդամների առաջարկներից ևս մի քանիսը։ Խորհրդի մյուս անդամների առաջարկությունները ևս կներկայացվեն հանրությանը։










