Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 7-ին հանդիպել է պարեկային մի խումբ ծառայողների, որոնք առաջին անգամ ստանում են սպայական կոչումներ։

Շնորհավորական խոսքում նախարարն ընդգծել է, որ պարեկներն իրենց գիտելիքների ու հմտությունների շնորհիվ հաջողությամբ հաղթահարել են ընտրության բարդ փուլը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ սպայական կոչում ստացած պարեկները հետագա ծառայության ընթացքում լավագույնս կդրսևորեն մասնագիտական հմտությունները:

Անդրադառնալով Պարեկային ծառայության առանձնահատկություններին՝ ՆԳ նախարարը կարևորել է զգոնությունն ու իրավիճակների ճիշտ գնահատումը:
Նախարարն ընդգծել է, որ պարեկի աշխատանքը չի կարող գնահատվել միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների թվով. ծառայության արդյունավետությունը արտահայտվում է բացահայտված հանցագործություններով, կանխարգելիչ գործողություններով, քաղաքացիներին ցուցաբերված օգնությամբ, դեպքերին իրավաչափ արձագանքելով։

Արփինե Սարգսյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը Ոստիկանության այն օղակներից է, որն ամենաշատն է առնչվում հանրության հետ, և յուրաքանչյուր ծառայողի վարքագիծն ուղղակիորեն ազդում է Ոստիկանության հեղինակության վրա։ Նախարարն այդ համատեքստում ընդգծել է, որ կարևոր է ի սկզբանե ձևավորել պարեկի պրոֆեսիոնալ կերպար՝ ապահովելով համակարգի նկատմամբ հանրության վստահությունն ու դրական վերաբերմունքը։

Շնորհավորելով առաջին սպայական կոչում ստացած պարեկներին՝ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հորդորել են բարձր պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները, ապահովել հասարակական կարգի պատշաճ պահպանում:

Ավարտին ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի հանձնել է սպայական կոչումներ։

Նմանատիպ գրառումներ