Ազգային ժողովը քննարկել և ընդունել է Ներքին գործերի նախարարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ներկայացրած ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծով ամրագրվում են ընթացակարգերը, որոնց համաձայն Հայաստանի և Վրաստանի պետական լիազոր մարմինները կարող են նման անձանց վերաբերյալ տեղեկատվություն փոխանակել։ Սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց միջոցով ճշտվում է անձի քաղաքացիությունը, ինչպես նաև այն հաղորդակցության ուղիները, որոնց միջոցով հաստատվում է, որ անձը կարող է մյուս կողմից հետ ընդունվել:

Հիշեցնենք՝ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում․ վերաբերում է երկու պետությունների տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող քաղաքացիներին:

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ համաձայնագրի նպատակն անօրինական միգրացիայի կանխարգելումն ու զսպումն է, համագործակցության հաստատումը, ինչը կնպաստի երկու երկրների միջև միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացմանը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Կառավարության անունից նախագիծը ներկայացնող ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ այն առնչվում է Հայաստանում հաշվառում ունեցող տրանսպորտային միջոցներով օտարերկրացիների կողմից կատարված խախտումներին։

Այսուհետ նման խախտումները կուղարկվեն սահմանային անցման կետեր, որպեսզի օտարերկրացիները հնարավորություն ունենան տվյալ խախտումների համար վարչական տուգանքները մարել։

«Եթե օտարերկրացին արդեն իսկ դուրս է եկել Հայաստանի տարածքից, ապա վերադարձի պարագայում հնարավորություն կունենա մարել տուգանքը և այնուհետև մուտք գործել երկիրի տարածք։ Այդ պարտավորությունը չմարելու պարագայում կկիրառվի 1 տարվա մուտքի արգելք»,- նշել է Արմեն Ղազարյանը։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ փաթեթն առնչվում է կացության կարգավիճակի տրամադրման վարույթների թվայնացմանը։

«Մինչ այս թվայնացված էր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վարույթը, իսկ այս նախագծով թվայնացվում է կացության կարգավիճակների բոլոր հիմքերի պարագայում վարչական վարույթները»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալը։

☑️ Նախագծով կացության կարգավիճակները բերվել են 2 տեսակի՝ ժամանակավոր՝ մինչև 1 տարի ժամկետով և մշտական՝ մինչև 5 տարի ժամկետով։

☑️ Հստակեցվել է նաև կացության կարգավիճակի տրամադրման հիմքերը։

☑️Կառավարության համար սահմանվել են աշխատանքային և այլ հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման քվոտավորման համակարգի լիազորող նորմերը։

☑️Միգրացիոն միտումներով պայմանավորված սահմանվել է նոր վիզային տեսակ՝ աշխատանքային վիզա։

☑️ Փոփոխություններ են կատարվել պետական տուրքի մասին սահմանաչափերում։ Ժամանակավոր կացության կարգավիճակի համար պետական տուրք է սահմանվել 150 հազար դրամը, իսկ մշտական կացության կարգավիճակի համար 250 հազար դրամը։

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2026 թվականի նոյեմբերի 1-ից։

Նմանատիպ գրառումներ