
Վաղ տարիքից մեզ սովորեցնում են տնից դուրս գալիս կողպել դուռը, ուշադիր լինել դրամապանակին։ Սակայն այսօր սեփական անվտանգությունը պետք է ապահովել ոչ միայն իրական, այլև թվային աշխարհում։
Կիբեռտիրույթում խոցելի են բոլորը՝ անկախ տարիքից ու սեռից։ Այդ համատեքստում Ներքին գործերի նախարարությունը կարևորում է թեմայի վերաբերյալ հանրությանը իրազեկելու անհրաժեշտությունը։ Համագործակցելով հանրակրթական դպրոցների հետ՝ նախարարությունը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ, հանդիպումներ և իրազեկման արշավներ, որոնք նպաստում են մեդիագրագիտությանն ու թվային անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Հերթական դասընթացն անցկացվել է Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան դպրոցում։ Քրեական ոստիկանության Կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները աշակերտներին ներկայացրել են կիբեռհանցագործության տեսակները, դրսևորման ժամանակակից տենդենցները, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք հարցեր։
Ներկայացնում է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը. «Կիբեռհանցավորության վերաբերյալ ընդհանուր պատկերացում ստանալուց հետո դպրոցականներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, և մենք հնարություն ենք ունեցել նաև հասկանալու, թե նրանք հատկապես որ ուղղվածությամբ ունեն հետաքրքրվածություն, ինչպիսի խնդիրների կարող են բախվել»։
Դասընթացի շրջանակում ընդգծվել է սոցիալական հարթակներում անհատական հաշիվների և անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը: Ներկայացվել են կիբերբուլինգից խուսափելու և դրա կանխարգելման մեթոդները, ինչպես նաև թվային միջավայրի վտանգներն ու սպառնալիքները ճանաչելու և դրանցից պաշտպանվելու քայլերը։
Դասընթացին մասնակցել են նաև ծնողներ: Նրանց տրամադրվել են գործուն խորհուրդներ՝ թվային միջավայրում ինչպես աջակցել իրենց երեխաներին և պաշտպանել նրանց անվտանգությունը, խթանել երեխա-ծնող-իրավապահ վստահելի հարաբերությունների ձևավորմանը:
Ծնողական խորհրդի նախագահ Նվեր Սարգսյանի խոսքով՝ դասընթացից ստացած գիտելիքները գործնականում կիրառելու անհրաժեշտություն է առաջացել. «Որդուս էլեկտրոնային փոստով նամակ էր եկել, իբր նույն ազգանունը կրողը մահացել էր, չուներ ժառանգներ, և իբր իր փաստաբանը մեզ նամակ էր գրել, որով խնդրում էր, որ գործառնական ծախսերի համար գումար փոխանցենք հաշվին, ինչից հետո մեզ պետք է փոխանցեր մեկուկես միլիոն դոլար։ Առաջարկը շատ գրավիչ էր 15 տարեկան երեխայի համար, բայց նա հիշելով դասընթացը՝ ասաց, որ պետք է ստուգել՝ դա ճիշտ է, թե՝ ոչ»։
Աշակերտները վստահեցնում են՝ դասընթացը ոչ միայն բարձրացրել է իրենց իրազեկվածության ու պաշտպանվածության մակարդակը, այլև խթանել ապագայում նոր գաղափարների գեներացմանը։ Նրանք առաջարկել են հանրության շրջանում կիբեռհանցագործության վերաբերյալ գիտելիքների ընդլայնման նպատակով մշակել կրթական նախաձեռնություններ, իրազեկման արշավներ և թիմային նախագծեր։
Երիտասարդների իրավագիտակցության, մեդիագրագիտության, իրազեկվածության բարձրացման ուղղությամբ ՆԳ նախարարության կողմից իրականացվող միջոցառումները շարունակական են:










