
Փետրվարի 13-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը:
Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների 2025 թվականին կատարած աշխատանքներն ու գրանցված արդյունքները:
Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին:
ՆԳ նախարարի ելույթն ամբողջությամբ՝ ստորև։
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ներկայացնելու եմ 2025 թվականի ընթացքում Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքների ամփոփ պատկերը՝ առանց դետալիզացնելու թեմաները, քանի որ բովանդակությունը ծավալուն է։ Հարցուպատասխանի ձևաչափով կարձագանքեմ ցանկացած հետաքրքրող թեմայի:
Սկսեմ հանրային ծառայությունների բլոկից՝ առաջինն անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներին։ 2025-ի ամփոփ տվյալներով արձանագրել ենք բոլորովին նոր իրավիճակ, որը իսկապես կարևոր արձանագրում է։
Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 5․201․747 անձ, դուրս է եկել՝ 5․171․270-ը։ Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ թե՛ մուտքերի, թե՛ ելքերի առումով ամենաբարձր գրանցված մակարդակներն են, ինչը վկայում է սահմանային շարժերի ընդհանուր ակտիվության աճի մասին։ Արդյունքում արձանագրվել է սահմանահատման դրական հաշվեկշիռ (սալդո)՝ +30․477։ Բայց այս համատեքստում առավել հատկանշական է ՀՀ քաղաքացիների հաշվեկշիռը՝ +8․660։ Վերջին 15 տարիների ընթացում՝ սկսած 2010 թվականից ՀՀ քաղաքացիների մասով դրական հաշվեկշիռ գրանցվել է 2020 թվականին, որը բացառապես պայմանավորված էր COVID-19 համավարակով և շեղում էր օրինաչափ դինամիկայից և կրում էր հիմնականում հարկադիր և իրավիճակային բնույթ։ Ի տարբերություն 2020 թվականի՝ 2025 թվականի դրական հաշվեկշիռը ունի այլ կառուցվածքային հիմքեր։ Այն բացառիկ է, քանի որ պայմանավորված է երկրի ներքին կայունության, անվտանգության միջավայրի բարելավման, այդ թվում՝ նաև ներքին անվտանգության մակարդակով, զբոսաշրջային հոսքերի համար գրավիչ միջավայրով և տնտեսական ակտիվության աճով, որոնք նպաստել են արտագաղթի տեմպերի նվազմանը և ներգաղթի միտումների ձևավորմանը։
Մարդկանց շարժունության համատեքստում նշեմ նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված աշխատանքները։ Ինչպես տեղյակ եք նոյեմբերի 5-ին, որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, ստացել եմ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և պարզապես հիշեցնեմ, որ երկխոսությունը մեկնարկել էինք 2024 թվականի սեպտեմբերին, կարծում եմ՝ իսկապես արագ ընթացք ենք ունեցել։ Այս պահին Ներքին գործերի նախարարությունը համակարգում է ինչպես իր ենթակա մարմինների՝ Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիական ծառայության, այնպես էլ այլ նախարարությունների և դրանց ենթակա մարմինների աշխատանքները, որոնք փոխկապակցված են գործողությունների ծրագրին և հանդիսանում են առանձին հենանիշի հասցեատեր։
Կենսաչափական համակարգի ներդրման ՊՄԳ ծրագիրն ակտիվ աշխատանքների արդեն տասներորդ ամսում է։ Յոթ առանձին մասնագիտացված խմբեր զուգահեռ ակտիվ աշխատում են ենթակառուցվածքի տարբեր բաղադրիչների ներդրման ուղղությամբ։ Նույնականացման քարտի բլանկներն արդեն ուղարկվել են մեծաքանակ տպագրության, դրանք արտադրվելու են մեր մասնավոր գործընկերոջ՝ «IN Groupe»-ի չեխական, իսկ անձնագրերը՝ նիդերլանդական արտադրամասերում։ Գեղարվեստական ձևավորումից զատ առանձին մասնագետների թիմ է աշխատել անվտանգային պաշտպանության միջոցների ապահովման ուղղությամբ։ Այդ մասնագետները միաժամանակ հանդիսանում են նաև ճամփորդական փաստաթղթերի միջազգային 93 03 ստանդարտի որոշող խմբի անդամներ, հետևապես քարտերը համապատասխանեցված են նույնիսկ ստանդարտի՝ 2027-ի խմբագրությանը։ Վերջնականացման փուլում է անձնագրի գեղարվեստական ձևավորումը․ յուրաքանչյուր էջ՝ սկսած շապիկից մինչև վերջին դետալը, խնամքով գծագրվում ու մշակվում է։ Տարածքային 22 գրասենյակների հիմնում` 2 խոշոր սպասարկման գրասենյակներ Երևանում՝ տեղակայված Երևան մոլում և Մեգա մոլում, 20-ը՝ մարզերում։
Սպասարկման գրասենյակները նոր ինտերիերային լուծումներ են բերելու հանրային ծառայությունների սպասարկման ոլորտ, մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում ունենալու են ինքնսպասարկման սարքեր, միջին և խոշոր բաժիններում լինելու են մանկական խաղասրահներ, մոդեռն սպասասրահներ, ոլորտի միջազգային զարգացումներին համահունչ տեխնիկական կահավորում։ Սրան զուգահեռ նաև Բնակչության պետական ռեգիստրի փոխակերպումն այն ռեֆորմներն են, որոնք քաղաքացու կյանքի որակի վրա անմիջական ազդեցություն են ունենալու։ Մենք այսպիսով ծառայությունների մատուցման մի շրջափուլից անցում ենք կատարում մեկ այլ մոդեռն ու տեխնոլոգիապես նոր լուծումների փուլ, և սա հարմարավետության և անվտանգության մի նոր ստանդարտ է լինելու մեզ համար երկարաժամկետում։ Արդեն իսկ թվայնացվել են փաստացի բնակության հիմքով հաշվառման և քաղաքացիության դիմումների ընդունման գործընթացները։
Հաշվառման-քննական ծառայությունների մասով նշեմ, որ հունիսի սկզբից գործարկվել է հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ, որը հնարավորություն է տալիս համատեղել առցանց հերթագրումը կենդանի հերթի հետ։ Սա քաղաքացիների դժգոհության թիրախային հասցեագրում էր մեր կողմից։ Գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրիչներով, որոնք ապահովում են քննության ողջ ընթացքի անընդհատ տեսաձայնագրումը։ Աշխատում ենք վարելու ուսուցումը դարձնել պարտադիր, լիցենզավորել կրթական գործունեություն իրականացնողներին, տեսական քննությունը պատվիրակել նրանց։ Վարորդական վկայականներն ու տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը հասանելի ենք դարձրել թվային տարբերակով: Փաստաթղթերը թվային տարբերակով ձեռք բերելու դեպքում վճարվելիք պետական տուրքը կիսով չափ կրճատվում է: Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշը ձեռք բերելու համար այլևս պարտադիր չէ մոտենալ գրասենյակ։ Այն հնարավոր կլինի ստանալ «Հայփոստ»-ի միջոցով առաքման տարբերակով՝ վճարելով տվյալ ծառայության արժեքը: Սեպտեմբերից տրանսպորտային միջոցի վաճառողն ու գնորդը կարող են առուվաճառքի պայմանագիր կնքել րոպեների ընթացքում, վճարել գործարքի պահին ինքնաշխատ կերպով հաշվարկված հարկերն ու տուրքերը, եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն։ 2025 թվականի մարտ ամսից ծառայությունների մատուցում է իրականացվել նաև շրջիկ ձևաչափով՝ հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած մեքենաների միջոցով։
Քաղաքացիների ահազանգերի սպասարկման տեսանկյունից ևս նոր մոտեցում ունենք, բառացիորեն հաշված օրերից կգործարկվի ՆԳՆ օպերատիվ կառավարման նոր համակարգը, որը «մեկ զանգ, արագ արձագանք» սկզբունքով կմիավորի Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (1-02) և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (9-11)՝ երկրորդ փուլով` 2027 թվականի սկզբին շտապօգնության (1-03) կանչերի սպասարկումը միավորելու հեռանկարով։
Անդրադառնալով համակարգի մարդկային ռեսուրսների կրթական բաղադրիչին՝ նշեմ, որ այս անգամ ասուլիսն իրականացնում ենք հենց ՆԳՆ Կրթահամալիրում՝ շարունակելով ավանդույթը, քանի որ նախորդ տարում Ձեզ հրավիրել էինք Պարեկային ծառայության նոր շենք, որը մեր բարեփոխումների կարևոր մասն էր։ Կրթահամալիրի ձևավորման նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ մասնագետների պատրաստումն է ոչ միայն ոստիկանական ու փրկարարական ոլորտում, այլ նաև արդեն հանրային ծառայության։
Անդրադառնալով Ոստիկանության աշխատանքներին՝ նոյեմբերի 1-ին գործարկված Ոստիկանության գվարդիան, որը խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորն է այլևս, առաջին անգամ առաջնորդվում է Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Միասնական ստանդարտների ներդրումը և համապատասխան մշակույթի ձևավորումը բարդ, սակայն անհրաժեշտ գործընթաց է։ Այդուհանդերձ, մենք ընդունել ենք այս պատասխանատվությունը՝ մեր ջանքերն ուղղելով դրա հետևողական իրագործմանը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման համար մշակվել են հատուկ դասընթացներ, որի շրջանակներում ընդհանուր վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։
Այսպիսով, արձանագրում ենք, որ ավարտել ենք չորս հենասյունային ուղղություններով Ոստիկանության կառավարման նոր մոդելի ձևավորման աշխատանքները, և այլևս մեր կենտրոնացումը սրանցից յուրաքանչյուրով զարգացման և ներուժի ամբողջական օգտագործման օրակարգն է։
ՆԳՆ տիրույթում գործընթացները բազմազան են, հետևապես տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները նկարագրող ցուցանիշները շատ են։
2025թ․ ընթացքում հանցավորության շարժընթացում արձանագրված հիմնական միտումները
2025 թվականի ամփոփ վիճակագրությամբ Հայաստանում կատարված հանցագործությունների և դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3․2 %-ով նվազում (կամ 1․335-ով` 42.057 – 40.722): Այս արդյունքը վկայում է ներքին անվտանգության մակարդակի և այդ համատեքստում մեր կայացրած որոշումների արդյունավետության մասին։
Նշեմ, որ վիճակագրական պատկերում առաջին անգամ վերլուծվել է հենց 2025 թվականի իրավիճակը, որը թույլ է տվել դուրս բերել կոնկրետ տարվա հանցավորության պատկերը․ նախորդ տարիներին կոնկրետ տարվա վիճակագրությունը վարվում էր այնպիսի մեթոդաբանությամբ, որով հիմքում դրվում էր ոչ թե հանցագործության կատարման պահը կամ դրանով հարուցված վարույթը, այլ դրա վերաբերյալ տվյալի ստացման պահը, որով օրինակ 2024 թվականի վիճակագրության մեջ արտացոլվել են նաև 2022, 2023 թվականներին կատարված հանցագործությունները։ Այսպիսով, հնարավոր է դառնում դուրս բերել հանցավորության շարժընթացում ինչպես աճի, այնպես էլ նվազման ցուցանիշները, ինչի հիման վրա հստակորեն վերլուծվում է այդ ցուցանիշների հիմքում ընկած որոշումների արդյունավետությունը։
Նոր մեթոդաբանությամբ են հաշվարկվել նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, այսինքն, ըստ վարույթի նախաձեռնման տարեթվի, ընդ որում՝ բացահայտման ցուցանիշներն աճել են և՛ հանցանքը կատարողի անձը հայտնի լինելու, և՛ թե որպես մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով։
Այսպես, 2025 թվականին մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով (22,8%-29,7%), բացահայտվել է կատարված հանցագործություններից 12.114-ը (9.595):
Կարևոր եմ համարում նշել, որ վիճակագրության վարման մեթոդաբանական հարցերը դիտարկել ենք նաև Գլխավոր դատախազության մեր գործընկերների հետ, մասնագիտական քննարկումների արդյունքներով դուրս ենք բերել հանցավորության իրական պատկերն արտացոլող մեթոդաբանություն։ Բնականաբար շարունակելու ենք մեթոդաբանության ինստիտուցիոնալացման, հետևողական կատարելագործման աշխատանքները՝ հաշվի առնելով քրեադատավարական տարբեր հարցեր՝ վարույթների անջատում, միավորում և այլն։
Ուզում եմ արձանագրել, որ ՆԳՆ համակարգում վիճակագրության և հետազոտական կենտրոնի ստեղծմամբ, վիճակագրության մեթոդաբանական նոր մոտեցումների որդեգրմամբ՝ մենք անցում ենք կատարում ավելի ակադեմիական համատեքստի, ոչ թե իներցիոն թվային պատկեր ենք գեներացնում։ Այս մոտեցումն օգնելու է իրական պատկերի վերլուծությամբ գնահատել թե՛ կայացրած որոշումների ընթացքը, թե՛ դուրս բերել նոր լուծումներ։
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններ, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն
Թեև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24-ով կամ 20,7%-ով (116-140), այնուամենայնիվ, աճել են նաև ինչպես դրանց բացահայտման դեպքերը (37,9%- 55,7%), այնպես էլ 244-ով կամ 25,9%-ով զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերը (941 – 1․185)։ Ընդհանուր առմամբ, ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ։ Ձերբակալվել է նաև զենքի վաճառքով զբաղվող 2 անձ։
Առհասարակ, 2025 թվականի ընթացում ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 2․246 միավոր հրազեն, ինչը 667-ով կամ 42,2%-ով ավելի է նախորդ տարվա համամեմատ (1․579)։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն
2025 թվականի հունիսի 5-ին ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը», որի շրջանակներում ոստիկանության կողմից իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, շեշտը դրվել է թմրամիջոցների ներմուծման, արտադրության դեպքերի և խոշոր խմբաքանակների հայտնաբերման վրա։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4%-ով (3․017-3․631)։ Միևնույն ժամանակ, հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք (1.933-2.176)։
2025 թվականի ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ (2024թ․՝ 426 կգ)։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման գործում զգալի դեր ունի նաև Պարեկային ծառայությունը, որի կողմից 2025 թվականին հայտնաբերվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 2․414 դեպք (1․866), առգրավվել է շուրջ 32 կգ տարբեր տեսակի թմրամիջոց։
ՊԵԿ-ի հետ համագործակցության արդյունքում խստացվել է փոստային առաքումների իրականացման կարգը, մասնավորապես, հստակեցվել են առաքանիներ ուղարկողների և ստացողների նույնականացման չափորոշիչները։ Բացի այդ, բանավոր համաձայնություն է ձեռք բերվել բեռնափոխադրող ընկերությունների հետ՝ մասնավոր անձանց համար դեղահաբերի ներմուծում չիրականացնելու վերաբերյալ։ Արդյունքում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տարբեր խմբաքանակներով ներմուծման դեպքերը կրճատվել են 97-ով կամ 30,1%-ով (322-225), իսկ իրավապահ համակարգը կենտրոնացել է խոշոր խմբաքանակների հայտնաբերման աշխատանքների վրա։ Այսպես, ՊԵԿ գործընկերների հետ համատեղ միջոցառումների արդյունքում միայն Մեղրիի անցակետով ներկրված մաքսանենգ թմրամիջոցների խոշոր առգրավումների հանրագումարը կազմել է շուրջ 130 կգ՝ նախորդ տարվա 40 կգ-ի դիմաց։
Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ ունեցել ենք թմրամիջոցների ներմուծման դեպքերի կրճատում, բայց առգրավման ծավալների մեծացում, ինչը բխում է մեր քաղաքականությունից՝ կենտրոնանալ թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի վրա՝ ի սկզբանե շրջանառությունից դուրս բերելով մեծ խմբաքանակները և բացառելով դրանց փոքր խմբաքանակներով հետագա տարածումը հանրապետությունում։
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
2025 թվականի ընթացքում արձանագրվել է 4․784 ճանապարհատրանսպորտային պատահար՝ նախորդ տարվա 4․314-ի դիմաց։ Պատահարների թիվն աճել է 470-ով կամ 10,9%-ով:
Ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին նպաստել է հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների տարեցտարի աճը:
Բայց անգամ այս համատեքստում, 2025 թվականին՝ շուրջ 1 մլն-ի հասնող տրանսպորտային միջոցի պարագայում, 50-ով կամ 15 %-ով նվազել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը (333-283), իսկ 2024 և 2025 թվականների մեր հետևողական աշխատանքի արդյունքում խնայվել է 95 կյանք։
Այսպիսով, արդեն երկրորդ տարին անընդմեջ նվազել է ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թիվը, ինչն առաջին հերթին փաստում է պարեկային ծառայության գործունեության արդյունավետության մասին, ինչպես նաև վկայում՝ վարորդների մոտ վարքագծային փոփոխությունների և պատժի անխուսափելիության զգացման մասին։
Անվտանգային մշակույթի ձևավորմանը նպաստել են նաև Պարեկային ծառայության կողմից ցուցաբերված հետևողական աշխատանքը, ինչի շնորհիվ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկվել է ընդհանուր 5․435 անձ (2024թ․՝ 5․696):
Շարունակելով մի շարք կարևոր ցուցանիշների ներկայացումը՝ նշեմ, որ 2025 թվականի ընթացքում Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել և բացահայտվել է հանցագործության 14․747 դեպք (2024թ․՝ 11․695), որից՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 2․414 (1․866), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառության՝ 208 (196), կաշառքի՝ 13 (20), խուլիգանության՝ 136 (146), գողության՝ 60 (82), ձկնագողության՝ 10 (9) և այլ դեպքեր։ Ջրային պարեկային ծառայության կողմից առգրավվել է ապօրինի որսած ավելի քան 2,5 տոննա ձուկ։
Պարեկային ծառայողների կողմից կազմվել է շուրջ 1․000․000 վարչական իրավախախտման արձանագրություն (2024թ․` 937․507), որից՝ 230․749-ը՝ առանց ամրագոտի երթևեկելու (188․453), 11․198-ը՝ առանց մանկական նստատեղի երեխային փոխադրելու (5․451), 108․576-ը՝ արագության գերազանցման (82․051), 21․281-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու (20․268) դեպքեր են և այլն։
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ևս իրականացվում են կարևոր օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումներ՝ ուղղված բնակչության պաշտպանության համակարգի արդիականացմանը, կանխարգելման կարողությունների ամրապնդմանը և արձագանքման արդյունավետության բարձրացմանը։
Աշխատանքներ են տարվում աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը մշակելու ուղղությամբ՝ աղետի հետևանքով հնարավոր կորուստների և վնասների նվազեցման նպատակի հաշվառմամբ։
2025 թվականին մշակվել և հավանության է արժանացել Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը։
ՓԾ ստորաբաժանումների կողմից 2025 թվականի ընթացքում փրկվել է 202 մարդու կյանք, այդ թվում՝ 8-ը` ձնահյուսից, 2-ը՝ ջրահեղձումից, 56-ը՝ ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարներից: Արտակարգ դեպքերի և պատահարների հետևանքով 2025 թվականի զոհերի թիվը կազմել է 414՝ նվազելով 66-ով կամ 15,9% ով:
Մեկնարկել են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքները, որոնց շրջանակում ձեռք կբերվեն տարածաշրջանում աննախադեպ, ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ։ Դրանք էականորեն կընդլայնեն երկրաշարժերի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրիտ վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները։
Խոսքս ամփոփում եմ 2026 թվականի մեր հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ։ Ավարտին ենք հասցնելու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ողջ ենթակառուցվածքի հիմնումը և ծառայությունների թվայնացումը։ Ոլորտը զարգացնելու ենք միգրացիայի և սահմանների կառավարման փոխկապակցված, մոդեռն համակարգի մշակմամբ, այդ թվում՝ e-gate-երի գործարկմամբ՝ պիլոտային տարբերակով։
Ակտիվ աշխատելու ենք վիզաների ազատականացման ուղղությամբ՝ ապահովելով շոշափելի առաջընթաց, որը կարձանագրվի ԵՄ կողմի առաջին զեկույցում։
Ապահովելու ենք կամավորական փրկարարական շարժման զարգացում, անտառային հրդեհների կանխարգելման համակարգի արդյունավետության բարձրացում, նյութական պահուստի հայեցակարգի վերջնականացում, Քրեական ոստիկանության թվայնացման գործընթաց, հանցավորության տվյալների վարման թվային համակարգի արդիականացում, Ոստիկանության ծառայողների համար հոգեբանական աջակցության մեխանիզմի ներդրում։
Ոստիկանության ծառայողներին վերապրոֆիլավորելու ենք «Միջազգային խաղաղության և բարգավաճման թրամփի ուղի» (TRIPP Route) ծրագրի շրջանակներում։
Մեկնարկելու ենք նոր սոցիալական ծրագիր Ոստիկանության ծառայողների համար։ Շնորհակալ եմ»:






















































