Անմիջական զրույց, հետաքրքիր հարցադրումներ, ակտիվ քննարկում… Փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշակերտների հրավերով այցելել էր Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց։

Օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և կարևորել երիտասարդների հետաքրքրվածությունը ՆԳ նախարարության ոլորտային կառավարման գործընթացների նկատմամբ։

«ՆԳ նախարարության ձևավորմամբ ստեղծվել է հանրային երկխոսության լայն դաշտ՝ ներգրավելով թե՛ երիտասարդներին, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Սա հնարավորություն է տալիս նախարարությանը առավել արդյունավետ արձագանքել բարձրացված հարցերին և քննարկումների միջոցով մշակել արդյունավետ լուծումներ», -կարևորել է նախարարը։

Արփինե Սարգսյանը խոսել է Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության աշխատանքի մասին՝ նշելով, որ ծառայություններն ուղեկցում են քաղաքացիներին կյանքի տարբեր փուլերում՝ սկսած ինքնությունը հաստատող փաստաթղթի տրամադրումից մինչև արտակարգ իրավիճակներում արձագանքում և անվտանգության ապահովում։

Խոսելով հանցավորության կանխարգելման ուղղությամբ գրանցված արդյունքների մասին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին հանրապետությունում հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով։

Անդրադառնալով անչափահասների շրջանում հանցավորության ծավալների վերաբերյալ շրջանառվող բացասական պատկերացումներին՝ նախարարը ընդգծել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ անչափահասների շրջանում խնդիրները բացառիկ են, դրանք չեն բնութագրում բոլորին և համընդգրկուն չեն։ Նա նշել է, որ դպրոցներում առկա խնդիրները պետք է բաց ու թափանցիկ կերպով ճիշտ գնահատել և լուծել՝ առանց դեպքերի քողարկման․ այս գործընթացում կարևոր է ծնողների, ուսուցիչների և համայնքի ներգրավվածությունը։

Նախարարն ընդգծել է, որ երիտասարդությունն ունի մեծ ներուժ, անհրաժեշտ է նրանց ուղղորդել՝ զարգացման հնարավորություններ ընձեռելով․ յուրաքանչյուր երիտասարդի վարքագիծ պետք է ձևավորվի ծնողների, դպրոցի և ուսուցիչների մշտական աջակցությամբ։

Արփինե Սարգսյանը հորդորել է երիտասարդներին կենտրոնանալ գիտելիքի և պատասխանատու վարքագծի վրա, ունենալ հստակ նպատակներ և հետևողականորեն շարժվել դրանց իրականացման ուղղությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ ներկաներից յուրաքանչյուրը միայն որակյալ կրթությամբ կարող է կերտել իր ապագան, իսկ առկա խնդիրները և խոչընդոտները լուծելի են պատասխանատու շրջանակի ակտիվ համագործակցությամբ։

Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում երիտասարդները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը։ Թեմաները բազմազան էին՝ բուլինգ, կիբեռանվտանգություն, կոռուպցիա, արհեստական բանականության մարտահրավերներ և այլն։

Ավարտին՝ օրվա խորհրդին համահունչ, ՆԳ նախարարը աշակերտներին նվիրել և ստացել է գրքեր։

Նմանատիպ գրառումներ