
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) արտաքին հարաբերությունների բաժնի աշխատակիցներ Կիրի Ատրիին և Անահիտ Հայրապետյանին։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությանը հանձնվել են առաջատար տեխնիկական սարքավորումներ։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը տեխնիկական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ՄԱԿ ՓԳՀ արտաքին հարաբերությունների ղեկավար Կիրի Ատրիին։
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ոլորտները, ներառյալ Հայաստանում տեղահանված և ապաստան հայցող անձանց ինտեգրման հնարավորությունների ուղղությամբ իրազեկման աշխատանքները, անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը, միջանկյալ արդյունքներն ու անելիքները։
Հանդիպման մասնակիցները ընդգծել են նաև 112 միասնական հեռախոսահամարի ներդնումը, անդրադարձել՝ ՆԳՆ օպերատիվ կառավարման նոր կենտրոնի գործարկման կարևորությանը և դրա հասանելիությունը փախստականներին և ապաստան հայցողներին։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ և համատեղ ծրագրեր։
📌ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն ընդունել է նաև «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության ծրագրի ղեկավար Զառա Լալայանին, Ռազմավարական հաղորդակցության և մարքեթինգի ղեկավար Մանե Մինասյանին և Հանրային կապերի և հաղորդակցության համակարգող Անիտա Մկրտչյանին։
Քննարկվել են «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի երկրորդ փուլում նախատեսված գործողությունների շրջանակը, հանրային իրազեկման բաղադրիչը։
Համագործակցության հեռանկարային հնարավորությունների շուրջ ծավալվել է արդյունավետ քննարկում։
Հանդիպումներին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության, ինչպես նաև ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ներկայացուցիչներ։






















