Փետրվարի 19-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և «Հայփաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն հանդիպել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում նախատեսված՝ գործուն և ստանդարտացված կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, անդրադառնալով ծրագրի առանցքային ուղղություններին, ընդգծել է երիտասարդների ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ այն կնպաստի նոր գաղափարների և մոտեցումների արդյունավետ իմպլեմենտացմանը, ինչպես նաև կամրապնդի կրթության և պետական կառավարման ոլորտների համագործակցությունը։

Ներկայացնելով հանրային-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) շրջանակում իրականացվող բարեփոխումները՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է կենսաչափական համակարգի գործարկումը, ինչի արդյունքում քաղաքացիներին կտրամադրվեն նոր սերնդի փաստաթղթեր։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև լայնածավալ շինարարական աշխատանքներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կմեկնարկի նոր գրասենյակների կառուցումը․ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում կստեղծվեն երկու ընդարձակ գրասենյակներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, կենսաչափական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմաններով։

«Հայփաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն ուսանողներին ներկայացրել է հանրային-մասնավոր գործընկերության մոդելը, որի հիման վրա իրականացվում է կենսաչափական համակարգի ներդրումը՝ համահունչ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին։ Նա անդրադարձել է նաև ՊՄԳ երկարաժամկետ տեսլականին, իրավական և տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև ոլորտում կիրառվող նորարարական լուծումներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ բարեփոխումների գործընթացում երիտասարդական ներուժի նպատակային ներգրավումն ապահովելու նպատակով։

Նմանատիպ գրառումներ