
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։
Այսօր կանայք ավելի ակտիվ են ներգրավված հասարակական և մասնագիտական կյանքում՝ իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ և առաջնորդական կարողություններով կարևոր ներդրում ունենալով մեր երկրի առաջընթացի գործում։
Հաստատված խաղաղության պայմաններում կանայք առավել լայն հնարավորություններ են ստանում լիարժեք իրացնելու իրենց ներուժը, իսկ Կառավարության խրախուսական և ծրագրային քաղաքականությունն ուղղված է այդ հնարավորությունների ընդլայնմանը և կանանց ակտիվ մասնակցության խթանմանը։
Կանանց լիարժեք մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին և կառավարման համակարգում նրանց ներգրավվածության ընդլայնումը կարևոր պայման են ժամանակակից ու արդյունավետ պետական կառավարման ձևավորման համար։ Կանանց և տղամարդկանց համատեղ ներուժը հնարավորություն է տալիս ձևավորել առավել հավասարակշռված և արդյունավետ լուծումներ հանրային նշանակության հարցերում։
Առանձնահատուկ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության համակարգի բոլոր կանանց՝ բարձր գնահատելով նրանց ծառայությունը հանրային անվտանգության ապահովման և հանրային ծառայությունների մատուցման պատասխանատու գործում։ Սիրելի’ ծառայողներ և աշխատողներ, դուք ձեր օրինակով եք փաստում, որ արհեստավարժ ոստիկան, փրկարար, անվտանգային և հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետ լինելը հնարավոր է աշխատասիրության, պատասխանատվություն ստանձնելու և հանրությանը ծառայելու բարձր գիտակցության շնորհիվ։
Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ ձեր գործունեության բոլոր ոլորտներում։
Արփինե Սարգսյան
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ










