Մարտի 12-ին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները մասնակցել են «ԵՄ աջակցությունը Վիզաների ազատականացման երկխոսությանը» թեմայով պանելային քննարկմանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով և Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնել Եվրոպական Միությանը։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկից ի վեր արձանագրվել է շոշափելի առաջընթաց․ Հայաստանը համադրելի երկրների շարքում ռեկորդային կարճ ժամանակահատվածում ստացել է Գործողությունների ծրագիրը։

«Այս երկխոսությունը միայն ճամփորդության դյուրացման մասին չէ։ Այն իրականում մարդկանց մասին է, մարդկանց հնարավորություններ տալու մասին՝ ներառելով բարեփոխումների լայն օրակարգ։ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս գործընթացը մեզ համար նաև հնարավորություն է՝ շարունակելու այն բարեփոխումները, որոնք արդեն իսկ իրականացվում են պետական կառավարման, անվտանգության և իրավական համակարգերի ոլորտներում»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով գործընթացում ՆԳ նախարարության առանցքային դերը։

Նրա խոսքով՝ գերատեսչության ուշադրության կենտրոնում են միգրացիայի կառավարումը, իրավապահ մարմինների համագործակցությունը, փաստաթղթերի անվտանգության ապահովումը և հատկապես սահմանների ինտեգրված կառավարումը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ էֆեկտիվ արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ է գնալ հեղափոխական փոփոխությունների ճանապարհով։

Նախարար Սարգսյանի խոսքով՝ գործընթացը համակարգված առաջ տանելու համար փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է գնահատել Հայաստանի օրենսդրական և քաղաքական շրջանակը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի համատեքստում։ Միաժամանակ, ՆԳ նախարարի հրամանով ստեղծվել է նաև միջգերատեսչական փորձագիտական աշխատանքային խումբ։

Արփինե Սարգսյանը, որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, ընդգծել է ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական, փորձագիտական և տեխնիկական աջակցությունը և վստահեցրել, որ Հայաստանը վճռական է շարունակել այս ճանապարհը՝ հասնելու ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդության հնարավորությանը։

ԵՄ Ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները նշել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման շուրջ, ինչը նաև ցույց է տալիս, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումն ու քաղաքացիներին միավորելն առաջնահերթություն է։

Բրուններն ընդգծել է, որ վիզաների ազատականացումը ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության միայն մեկ բաղադրիչն է, և Եվրոպական Միությունն ու Հայաստանը մի շարք ուղղություններով ավելի կամրապնդեն ու կընդլայնեն համագործակցության շրջանակը։

Պանելային քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանը։

Նմանատիպ գրառումներ