Մարտի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի պանելային քննարկմանը։

Արմեն Ղազարյանը կարևորել է Ներքին գործերի նախարարության՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում ստացած մրցանակը և նշել, որ ՆԳՆ համակարգում թվային փոխակերպումը ինստիտուցիոնալ գործընթաց է, որը միտված է հանրային ծառայությունների որակի բարելավմանն ու վարչարարության պարզեցմանը։

Անդրադառնալով պետական կառավարման ոլորտում ռազմավարությունների ներդրմանը՝ Ղազարյանը նշել է, որ ռազմավարական մոտեցումները պետք է հիմնված լինեն հստակ ձևակերպված նպատակների և որակական արդյունքների ապահովման վրա։

Խոսելով մարտահրավերների մասին՝ նա ընդգծել է, որ փոխակերպումներից ակնկալվող արդյունքը ժամանակատար գործընթաց է․ տարիներով ձևավորված գործելակերպը հնարավոր չէ մեկ օրում փոխել, ուստի կարևոր է, որ ռազմավարական նպատակները փուլային կերպով դառնան համակարգի բնական բաղադրիչ։

ՆԳՆ բարեփոխումների համատեքստում Արմեն Ղազարյանը նշել է, որ դրանք միտված են ոչ միայն համակարգերի արդիականացմանն ու թվայնացմանը, այլև մտածողության փոփոխությանը և նոր պահանջներին համահունչ լուծումների ներդրմանը։

«Մեր հանձնառությունը արդիականացումը պետական համակարգ բերելն է։ Նման փոփոխությունները հնարավոր են թիմային արդյունավետ աշխատանքի և հստակ արդյունքներին միտված նպատակների շնորհիվ»,- նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալը։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ ՆԳ նախարարությունը հանրությանը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ, և այս համատեքստում ներդրվում են ժամանակակից ստանդարտներ՝ կիրառելով նորարարական տեխնոլոգիաներ և ձևավորելով նոր մշակույթ։

Նմանատիպ գրառումներ