
Մարտի 18-ին ՆԳՆ կրթահամալիրը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սկիզբ դնելով բազմակողմ համագործակցության։
Հուշագրով նախատեսվում է համագործակցություն մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ կրթահամալիրի ստանդարտացված կրթական մոդուլների մշակման, վերապատրաստման գործընթացների աջակցության, ինչպես նաև կրթական ծրագրերի կատարելագործման շրջանակում։
Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն ընդգծել են, որ հուշագրի ստորագրումը համագործակցությունը տեղափոխում է ավելի համակարգված, արդյունավետ և շարունակական փուլ։
Համատեղ նախաձեռնությունների շրջանակում նախատեսվում է հիմնադրամի գիտելիքի և փորձի ինտեգրում կրթական գործընթացներում, նոր դասընթացների մշակում և առկա ծրագրերի կատարելագործում։ Համագործակցային հետազոտությունների շնորհիվ երկու կառույցներն առավել ակտիվ դերակատարություն կունենան ակադեմիական գիտելիքի զարգացման և փաստահենք քաղաքականությունների մշակման գործում։
Հուշագիրը կնպաստի նաև ուսանողների, հետազոտողների և մասնագետների միջև գիտելիքի փոխանակմանը, մասնագիտական կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։



















